Մառնեուլիի կամուրջը բացվեց

Վրաստանի Քվեմո Քարթլի մարզի Մառնեուլի քաղաքի Ռուսթավելիի փողոցի Դուրմիշխան Մաղալաշվիլիի անվան կամրջով երթևեկությունը վերականգնվել է:

67-օրյա սահմանափակումից հետո, այսօր՝ փետրվարի 5-ին, կամրջի վրա երթևեկությունն ամբողջությամբ ազատ է: Ի դեպ, կամուրջը փակվել էր նոյեմբերի 30-ից՝ 20 օրով, բայց տևեց 2 ամսից ավելի, ինչը քաղաքում խցանումների պատճառ էր դարձել։

Մառնեուլիի քաղաքապետարանից սկզբում հայտարարեցին, որ կամրջով երթևեկությունը կվերականգնվի դեկտեմբերի 20-ին, իսկ հետո՝ մինչև Ամանոր, բայց կամուրջը բացվեց վերջին խոստումից շուրջ մեկ ամիս անց: Հունվարի 8-ին կամուրջը վերականգնող «Իրլանի» ՍՊԸ-ի տնօրեն Թեմուր Թաբուկաշվիլին ասել էր, որ կամրջի վերականգնման աշխատանքները կավարտվեն հունվարի վերջին։ Հունվարի 29-ին Մառնեուլիի քաղաքապետարանից հայտնել էին, որ եղանակային վատ պայմանների պատճառով կամրջի վերականգնման աշխատանքները դադարեցվել են, իսկ փետրվարի 2-ին հայտարարություն տարածեցին, որ երկուշաբթի՝ փետրվարի 5-ից կամրջի երթևեկությունը կվերականգնվի։

Հարկ է նշել, որ Մառնեուլիի քաղաքապետարանը երթևեկությունը թեթևացնելու նպատակով կամրջին շրջանցող այլընտրանքային ճանապարհ էր բարեկարգել:

Կամրջի վերականգման աշխատանքներն իրականացնում է «Իրլանի» ՍՊԸ-ն, արժեքը կազմում է 1 մլն 878 հազար 333 լարի: Աշխատանքներն ընթանում են ավելի քան հինգ ամիս։ Մառնեուլիի քաղաքապետարանի և «Իրլանի» ՍՊԸ-ի միջև 2023 թվականի մայիսի 5-ին կնքված պայմանագրի համաձայն՝ Մաղալաշվիլիի անվան կամրջի վերականգնման աշխատանքը պետք է ավարտվի պայմանագրի ստորագրումից հետո` 5 ամսվա ընթացքում։ Հոկտեմբերի 12-ին քաղաքապետարանի և «Իրլանի» ՍՊԸ-ի միջև մայիսի 5-ին կնքված պայմանագրում փոփոխություններ էին կատարվել, որոնց համաձայն՝ ընկերությունն աշխատանքն ավարտելու էր դեկտեմբերի 25-ին։