Մառնեուլիում մեկնարկել է տների-տնամերձ հողատարածքների գրանցումը

Հողերի գրանցման համակարգված բարեփոխման շրջանակներում Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետում մեկնարկել է տների և տնամերձ հողատարածքների գրանցման գործընթացը:

Վրաստանի արդարադատության նախարարության հանրային ռեգիստրի ազգային գործակալության չափագրման աշխատանքներ իրականացնող աշխատակիցները «Ալիք Մեդիա»-ին հայտնեցին, որ այս պահին ընթանում է միայն տների և տնամերձ հողատարածքների գրանցման գործընթացը:

Նրանց հաղորդման համաձայն, մյուս տեսակի հողատարածքների գրանցումն այլ գործընթաց է ենթադրում, և սկսվելու է տների ու տնամերձ հողատարածքների գրանցման գործընթացի ավարտից հետո:

Նշված բարեփոխման շրջանակներում քաղաքացիներն անվճար կստանան հետևյալ ծառայությունները.

  • հողամասերի կադաստրային հատակագծման/չափագրման աշխատանքներ,
  • իրավունքը հաստատող փաստաթղթերի որոնում և համակարգում,
  • գործարքի կողմերի ստորագրությունների ստուգում,
  • նոտարական միջնորդություն,
  • հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչում,
  • փաստերի հաստատում,
  • հողամասի գտնվելու վայրը, իրավունքը հաստատող փաստաթղթով նույնականացում,
  • հողամասի սեփականության գրանցում և դրա հետ կապված փոփոխություններ:

Նշենք, որ հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը մինչև 2024 թվականի ավարտը համակարգված գրանցումներ կիրականացնի բոլոր մունիցիպալիտետների տարածքներում։

Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը 2022-2024 թվականներին հողամասերը չափագրելու է՝ դրանք գրանցելով որպես մասնավոր, պետական ​​կամ համայնքային սեփականություն։