ՄԱՇ-ը համամասնական ցուցակով առաջատար է` Վրաստանի 11 քաղաքում

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց  ձայների հաշվարկի մոտ 40%  արդյունքները: Ընդդիմադիր ամենամեծ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը 11 քաղաքում գլխավորում է  սակրեբուլոյի  համամասնական ընտրությունները: 

Ըստ նախնական արդյունքների՝ ՄԱՇ-ն առաջատար է  Բաթումիում, Զուգդիդիում, Ծխալտուբոյում, Դմանիսիում, Գարդաբանիում, Ռուսթավիում, Թելավիում, Ծալենջիխայում, Խուլոյում, Սենակիում և Ախմետայում: Մնացած 53 շրջաններում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն է առաջին տեղում:

Հիշեցնենք` Վրաստանում նախօրեին  տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել: Քաղաքացիներն ընտրեցին քաղաքային և շրջանային խորհուրդների պատգամավորների և 64 քաղաքապետերի: Վրաստանի քաղաքային և շրջանային խորհուրդները  խառը համակարգով են` համամասնական և մեծամասնական: Թբիլիսիի քաղաքային խորհրդի համար անցողիկ շեմը 2,5% է, մյուս քաղաքների դեպքում`3%: Ընդհանուր առմամբ` ընտրություններին մասնակցել է 43 կուսակցություն: Ըստ ԿԸՀ -ի` ընտրատեղամասերի փակման պահին մասնակցությունը կազմել է 51,92%: