Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» քաղաքական խորհրդի նախագահ, քաղբանտարկյալ Լևան Խաբեիշվիլիի բանտից բնակչությանը հղված գրառումը տարածվել է սոցիալական ցանցում: Գրառման մեջ Խաբեիշվիլին անդրադարձել է գալիք ՏԻՄ ընտրություններին ու դրա ընթացքում կայանալիք ցույցին:
«Մարմինս այրվում էր, երբ տեսնում էի քաղբանտարկյալներին – հիմա ես էլ եմ ձեռնաշղթայված կալանավոր, վաղը իմ սիրտը ձեզ հետ կլինի։ Եվս մեկ անգամ հաճույքով կզոհաբերեի ազատությունս ու կյանքս այս պայքարում, քանի որ համոզված եմ` հաղթանակն անխուսափելի է», – գրել է Խաբեիշվիլին։
Նրա խոսքով, հանրահավաքին իր դեմ կիրառված բռնությունն իրեն հոգեպես ու մտավոր առումով ավելի է ուժեղացրել։
«Արյունս սառչում էր, երբ տեսնում էի ծեծված ու արյունոտ երիտասարդներին։ Մի քանի օր անց, երբ վազեցի մեկի կյանքը փրկելու, իմ դեմքի ոսկորները ևս ջարդեցին։ Սակայն այս ամենը հոգեպես ավելի ուժեղացրեց ինձ։ Հավատում եմ, որ վրաց ժողովրդի հաղթանակն անխուսափելի է։ Շուտով կհանդիպենք», – գրել է նա։
Նշենք, որ Խաբեիշվիլիին ձերբակալել են սեպտեմբերի 11-ին, «Ֆորմուլա հեռուստաընկերության բակում։ Նա հրապարակավ 200 հազար դոլար էր խոստացել Վրաստանի ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանման աշխատակիցներին, եթե հրաժարվեին մասնակցել հանրահավաքները ցրելու գործողություններին։