Մայիսին հացը թանկացել է 10 թեթրիով

«Հաց արտադրողների միության» նախագահ Մալխազ Դոլիձեն հաղորդում է, որ մայիսին Վրաստանում հացը թանկացել է արդեն 10 թեթրիով:

Ըստ Դոլիձեի, սակայն, մինչև մայիսի վերջ հացն այլևս չի թանկանա։

«Մայիսին մենք հայտարարել էինք հացի թանկացման մասին 20 թեթրիով, բայց հացն արդեն 10 թեթրիով թանկացել է»,- ասել է Դոլիձեն:

Դոլիձեի խոսքով, մայիսի 13-ին Վրաստանի «Ցորենի և ալյուր արտադրողների» ասոցիացիայի տարածած հայտարարությունից հետո՝ կապված երկրում ցորենի պաշարների սպառման և գործարանների փակման հետ, ալյուր ներկրողները մեկ պարկ ալյուրը թանկացրել են մոտ 3 լարիով.

«Կարող եմ ասել, որ երկիր ալյուր է մտնում։ Մենք այս պահին ունենք 2 ամսվա ալյուրի պաշար, ուստի հացի հետ կապված խնդիրներ չենք ունենա։ Այս պաշարները կհամալրվեն փուլ առ փուլ։

Ուրբաթ օրվա հայտարարությունից հետո ալյուր ներկրողները տեսան, որ երկրում ցորեն չկա, ալյուրն անմիջապես թանկացավ. ալյուրն այլևս 72-73 լարիի փոխարեն 75 լարիից էժան չեն վաճառում, դա շատ վատ է հաց թխողների համար»:

Ըստ Դոլիձեի` Վրաստանը կարող է դիտարկել Ադրբեջանը, Հայաստանը և Ղազախստանը` որպես ռուսական ալյուրի այլընտրանքային շուկաներ։

Կարդացեք նաև՝

Երկրում մնացել է ցորենի 10 օրվա պաշար

Վրաստանը և՛ ցորենը, և՛ ալյուրը գնում է հիմնականում Ռուսաստանից