10 տարի անց էլ ԵՄ-ն հաստատում է Վրաստանի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը. Դոնալդ Տուսկ

«Վրաստան-Ռուսաստան պատերազմից անցել է 10 տարի և ես դեռ հաստատում եմ ԵՄ-ի անփոփոխ դիրքորոշումը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման գործում», — այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ հանդիպման ժամանակ:

Տուսկը շնորհավորել է Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և խոսել վերջին տարիներին Վրաստանում իրականացվող բարեփոխումների մասին, ընդգծել Վրաստան-ԵՄ հարաբերությունների խորացումը:

«Շնորհավորում եմ Վրաստանի նախագահ դառնալու կապակցությամբ: Վրաստան-ԵՄ համագործակցությունը կատարյալ է: ԵՄ-ն Վրաստանի ամենամեծ առևտրային գործընկերն է: Վիզաների ազատականացումից հետո, մոտ 300 000 Վրաստանի քաղաքացիներ օգտվել են ազատականացումից: Այսօրվա հանդիպմանը ևս ես հաստատում եմ ԵՄ-ի պատրաստակամությունը՝ ասոցացման համաձայնագրի շրջանակներում մեր համագործակցության խորացման համար», — հայտարարել է Դոնալդ Տուսկը:

Տուսկն իր երախտապարտությունն է հայտնել՝ 2019 թվականին Բաթումիում կայանալիք Արևելյան գործընկերության տասը տարիներին նվիրված կոնֆերանսի կապակցությամբ՝ ասելով, որ ուրախ կլինի այցելել Վրաստան այս տարվա հուլիսին: