Մայրը խեղդամահ է արել նորածնին. նոր հանգամանքներ

Շիդա Քարթլիի Աղաիանի գյուղում 7 ամսական երեխային խեղդամահ անելու գործում նոր հանգամանքներ են ի հայտ եկել: Երեխային խեղդելով սպանել է նրա անչափահաս մայրը:   

2002 թվականին ծնված Մ. Շ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ծանրացուցիչ հանգամանքներով: Ըստ քննության՝ Մ.Շ.-ն գիշերը անկողնում խեղդել է սեփական երեխային ու փախել:

Ընտանիքի հարազատներն ու ծանոթները լրատվամիջոցներին հայտնել են, որ մայրը փախել է՝ տնից տանելով թանկարժեք իրերը: Նրան ձերբակալել են Թբիլիսիի հյուրանոցներից մեկում: Ծանոթները վստահեցնում են, որ 16-ամյա աղջիկն ասել է, թե այդ քայլով ուզում էր վրեժ լուծել ամուսնուց ու մորից, ում պատճառով իբր ամուսնացել է: Պաշտոնապես հայտնի է, որ աղջիկը մեղքն ընդունել է:

Ամեն ինչ սկսվել է 2017 թվականին, երբ անչափահաս Մ. Շ.-ի ծնողները ոստիկանություն էին դիմել ու հայտնել, որ վերջինս գնացել է տնից: Ոստիկանությունը պարզել էր նրա գտնվելու վայրը, բայց հանցակազմ չէր հայտնաբերել: Արդեն 2018-ին պետական ծառայությունների գործակալությունը Վրաստանի ՆԳՆ-ին հաղորդել էր անչափահասի կողմից երեխայի ծնունդի մասին, սակայն քննություն այդպես էլ չէր սկսվել: Այժմ ոստիկանությունը սպանության գործին զուգահեռ քննում է նաև ոստիկանների անփութության հարցը: Բանն այն է, որ Վրաստանում օրենքով արգելված է անչափահասի հետ սեռական կապը: Այժմ ՆԳՆ-ն պարզում է՝ որքանով է ճիշտ վարվել ոստիկանությունը 2018-ին, այս փուլում դադարեցվել է ոստիկանության մեկ աշխատակցի լիազորությունները: ՆԳՆ-ն փորձում է պարզել՝ եղել է արդյոք ոստիկանության կողմից պաշտոնական դիրքի չարաշահում:

Մեղքը հաստատվելու դեպքում անչափահաս մորը 13-17 տարվա ազատազրկում է սպասվում: Քրեական գործը հարուցվել է անչափահասի կամ անօգնական վիճակում գտնվողի  դիտավորյալ սպանություն՝ ծանրացուցիչ հանգամանքներում հոդվածով:

Լուսանարը՝ Վրաստանի ՆԳՆ-ի ֆեյսբուքյան էջից