Վրաստանի խորհրդարանում քննարկման է դրվել օրինագիծ, որով կառավարությունում կսահմանվի իրավապահ մարմինների համակարգման հարցերով Վրաստանի պետական նախարարի պաշտոնը։
Կառավարական փոփոխությունների ներկայացման ժամանակ «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ այս պաշտոնը կզբաղեցնի Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) պետ Մամուկա Մդինարաձեն՝ այն բանից հետո, երբ կդադարեցվեն նրա լիազորությունները ՊԱԾ-ում։
Օրինագծի համաձայն՝ Վրաստանի կառավարությունը կսահմանի իրավապահ մարմինների համակարգման հարցերով պետական նախարարի լիազորությունները և դրանց շրջանակները։
Փաստաթղթում նաև նշված է, որ պետական նախարարի գործունեության նյութատեխնիկական և կազմակերպչական ապահովումն իրականացնելու է Վրաստանի կառավարության վարչակազմը։
Օրինագծով նախատեսված է միայն պետական նախարարի աշխատավարձը։
«Օրինագծի ընդունումը չի ազդի պետական բյուջեի եկամտային մասի վրա այն իմաստով, որ պետական նախարարին վարչական աջակցություն կցուցաբերի Վրաստանի կառավարության վարչակազմը»,- նշված է բացատրագրում։
Ըստ բացատրագրի՝ Մդինարաձեի գործառույթներն ու պարտականությունները կլինեն հետևյալը.
«Փոփոխությունն ապահովելու է իրավապահ մարմինների միջև համագործակցության հզորացումը, համատեղ գործողությունների պլանավորման օժանդակումը և տեղեկատվության փոխանակման ստանդարտների ներդրումը։ Մյուս կողմից՝ նրանց գործունեության արդյունավետության գնահատումը և խնդրահարույց ուղղությունների նույնականացումը։
Նաև, կառավարության սահմանադրական լիազորությունների շրջանակում, պետական նախարարը համակարգում կիրականացնի Վրաստանի դատախազության, Պետական աուդիտի ծառայության և դատական իշխանության հետ»,- նշված է օրինագծում։