Մեկնարկել է առաջին դասարանցիների գրանցման առաջին փուլը 

Վրաստանի կրթության և գիտության նախարարության հաղորդմամբ՝ մեկնարկել է առաջին դասարանցիների գրանցման առաջին փուլը։ Մարտի 15-ից մինչև մարտի 26-ը դպրոցներում կգրանցեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին։  

Այս փուլում գրանցվելու համար ծնողները պետք է դիմեն հանրային դպրոցներին։ Այնուհետև դպրոցը երեխային կգրանցի կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (EMIS)։ Ծնողները փաստաթղթերը պետք է ներկայացնեն մարտի 29-ից ապրիլի 29-ն ընկած ժամանակահատվածում։ 

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող կարող է համարվել այն երեխան, ով ունի՝

  • ֆիզիկական հաշմանդամություն,
  • ինտելեկտուալ զարգացման խանգարում,
  • սովորելու ունակության խանգարում,
  • զգայարանների հետ խնդիրներ (լսողություն, տեսողություն),
  • խոսքի զարգացման խնդիր,
  • վարքային և հուզական խանգարումներ,
  • երկարատև հոսպիտալացման անհրաժեշտություն,
  • սոցիալական գործոններով պայմանավորված ուսուցման դժվարություններ, որոնց պատճառով երեխան չի կարողանում բավարարել ազգային ուսումնական ծրագրի պահանջները,
  • աուտիզմ։