Մելիան պատրաստ է ընտրությունների

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան պատրաստակամություն է հայտնել անցկացնել ներկուսակցական ընտրություններ և մասնակցել դրանց։

Մելիան արձագանքել է ներկուսակցական ընտրությունների վերաբերյալ կուսակցության անդամների հայտարարությանը։

Մելիայի խոսքով՝ մեկուկես ամիս առաջ ինքն է անձամբ ընտրությունների անցկացման նախաձեռնությամբ հանդես եկել իր կուսակիցների առաջ։

«Բոլոր խմբերը համաձայնել են անցկացնել ընտրություններ։ Քննարկման միակ առարկան այն էր, թե ե՞րբ և ինչպե՞ս…

Ուզում եմ` բոլորն իմանան, որ ես պատրաստ եմ եղել և պատրաստ եմ մասնակցելու ընտրություններին, մանավանդ որ շատ անկեղծորեն եմ խոսելու սեփական կուսակցության ընտրողների հետ»,- ասել է Մելիան։

Մելիան հույս է հայտնել, որ առաջիկայում ներկուսակցական ընտրություններում մրցակից կհայտնվի։

Ի դեպ, ՄԱՇ անդամները պահանջում են կուսակցության ներսում ընտրությունների անցկացում, որոնք կվերաբերեն նախագահի, քաղխորհրդի ու քաղաքական քարտուղարության թարմացմանը։