Մելիան՝ Թբիլիսիի քաղաքապետ, Խոշտարիան՝ սակրեբուլոյի նախագահ. քննարկումներ ընդդիմադիր դաշտում

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը երեկ՝ հուլիսի 20-ին հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների համար ներկայացրեց Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուին: Մայրաքաղաքը ղեկավարելու համար իշխող կուսակցությունից կպայքարի գործող քաղաքապետ Կախա Կալաձեն:

Այս ամենին զուգահեռ Վրաստանի ընդդիմությունը սկսել է քննարկումներ` ՏԻՄ ընտրություններում ընդհանուր ընդդիմադիր թեկնածուներ առաջադրելու համար: «Եվրոպական Վրաստանի» նախագահ Գիգա Բոկերիայի խոսքով, այս պահին ընդդիմությունը քննարկում է մի քանի անուններ, այդ թվում են Նիկա Մելիան՝ որպես Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու, իսկ Էլենե Խոշտարիան՝ որպես սակրեբուլոյի (ավագանի) նախագահ:

Բոկերիայի խոսքով, քննարկումները մի քանի օրից կավարտվեն և համաձայնությունը լավ է ուշ տեղի ունենա, քան երբեք, և ընդդիմությունը կկարողանա կարևոր շրջաններում ընդհանուր թեկնածուներ առաջադրել:


2021 թվականի ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 2-ին: Այս տարվա ընտրությունները տարբերվում են նման այլ ընտրություններից նրանով, որ դրանց արդյունքներն ուղղակիորեն որոշում են ոչ միայն համայնքային մարմինների կազմը, այլև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ճակատագիրը: Եթե ​​իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստանա համամասնական ձայների 43%-ից պակաս աջակցություն, ապա 2022 թվականին Վրաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: