Վրաստանում պատվաստվածների շրջանում վարակման և մահացության ցուցանիշները

Վրաստանում մարտի 15-ից մեկնարկած պատվաստման գործընթացից մինչ օրս իրականացվել է 374 685 պատվաստում: Վերջին տվյալներով երկրում լրիվ (2 դեղաչափ) պատվաստվել է 133 648 մարդ: 

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն ներկայացրել է վերջին տվյալները պատվաստված անձանց վարակվելու և վարակից մահերի վերաբերյալ:

Ըստ այդմ` հուլիսի 20-ի դրությամբ, մեկ անգամ պատվաստված քաղաքացիների վարակվելու ցուցանիշը կազմում է 0,8 տոկոս, իսկ մահերի քանակը վերջին տվյալներով` 1 դեղաբաժին ընդունած 12 մարդ է մահացել երկրում:

Ինչ վերաբերում է լրիվ պատվաստվածներին, Գամկղրելիձեի խոսքով՝ մինչև հուլիսի 5-ը Վրաստանում երկու անգամ պատվաստված քաղաքացիների կորոնավիրուսից մահացության դեպք չի գրանցվել: Այժմ ընթանում է հետազոտություն 2 դեպքի շուրջ: Երկու դեղաբաժին ընդունած քաղաքացիների շրջանում վարակման ցուցանիշը կազմում է 0,3 տոկոս:

Վրաստանում այժմ պատվաստումն ընթանում է 4 տեսակի պատվաստանյութերով` AstraZeneca, Pfizer, Sinopharm և Sinovac: Պատվաստվելու համար քաղաքացիները կարող են գրանցվել Առողջապահության նախարարության հատուկ հարթակում՝ https://booking.moh.gov.ge.

Հիշեցնենք` այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի 2400 նոր դեպք: Վարակից մահացել է ևս 26 մարդ: