Մելիք-Ազարյանցի տան վերանորոգումը բնականոն հունով ընթանում է․ Մանրամասներ տան պատմությունից

Թբիլիսիի ամենագեղեցիկ շենքերից մեկի՝ թբիլիսահայ բարերար Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի տան վերականգնման և նորոգման աշխատանքները բնականոն հունով են ընթանում՝ «Ալիք Մեդիա»-ին տեղեկացրին շինաշխատանքների պատասխանատու Silk Development ընկերությունից։

Մելիք-Ազարյանցի տան մեծ մասը ներկա պահին պատկանում է Silk Development ընկերությանը։ Ըստ տեղեկության՝ 2007 թվականից ընկերությունը բնակարաններ է գնում բնակիչներից, և այժմ ընկերությանն է պատկանում ընդհանուր տարածքի մինչև 80 տոկոսը, իսկ մնացած մասը պատկանում է մասնավոր ​​բնակարանների և կոմերցիոն տարածքների սեփականատերերին։

Ընկերությունից հայտնեցին, որ ամենակարևոր փուլերից մեկը՝ աղբահանման գործընթացը, արդեն ավարտվել է, և հասել են շինարարական ու վերականգնողական աշխատանքների փուլին։

Մելիք-Ազարյանցի եկամտաբեր տան պատմությունը «Ալիք Մեդիա»-ին է փոխանցում թբիլիսահայ հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը։

«Հայ մեծ բարերար, ազգային գործիչ Մելիք-Ազարյանցի տունը հին Թիֆլիսի ամենամեծ ավտոնոմ շենքն է եղել։ 1919 թվականին, երբ Վրաստանի նոր կառավարությունը խլում էր մասնավոր սեփականությունը մեծահարուստներից, Մելիք-Ազարյանցն իր ամբողջ տունը գրանցում է Հայաստանի Հանրապետության վրա։ Ուստի, տունը փաստացի պատկանում է Հայաստանի Հանրապետությանը», — պատմում է Չիդիլյանը` հավելելով, որ հնարավոր է` կոմունիստների ժամանակ տունը վերասեփականաշնորհվել է այլոց կողմից։

Չիդիլյանի գնահատմամբ` Ազարյանցի տունը ողջ Թբիլիսիի համար կարևոր պատմամշակութային արժեք ունի․

«Ողջունելի է, որ ուզում են վերանորոգել տունը, քանի որ այն քաղաքի ամենագեղեցիկ շենքերից մեկն է և, հուսով եմ, դարերով կմնա ամենագեղեցիկներից մեկը և կզմայլի ոչ միայն թբիլիսցիներին, այլև քաղաքի հյուրերին»։

Silk Development-ը մինչ այդ հայտնել էր, որ այդտեղ տասնամյակներ շարունակ կենցաղային աղբ է կուտակվել․ «Տան ստորգետնյա տարածքը երկհարկանի է մինչև 2000 քմ մակերեսով։ Սյուներով, կամարներով և բարձր առաստաղներով տարածքները կարգի բերելու համար ծախսվել է մինչև 200 հազար լարի»։

Հիշեցնենք, որ տարիներ առաջ` 2019 թվականին, «Ալիք Մեդիա»-ն անդրադարձավ Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի շենքի գեղաշուք ֆասադի անմխիթար վիճակին: Այդ ժամանակ հրատապ խնդիր էր տասնամյակների ընթացքում կուտակված աղբը, որն աստիճանաբար ոչնչացնում էր շենքի հիմքերը, դրան նպաստում էին նաև Մթածմինդայից հոսող ստորգետնյա ջրերը:

Մելիք-Ազարյանցի բազմահարկ եկամտաբեր տունը կառուցվել է ճարտարապետ Նիկոլայ Օբոլոնսկու նախագծով։ Հատկանշական է, որ խորհրդային միության տարիներին և դրանից հետո տունն ապամոնտաժելու մի քանի փորձեր են եղել, սակայն տունը դեռ կանգուն է։

19-րդ դարի վերջին շենքը շքեղ էր ոչ միայն արտաքնապես, այլև ուներ սեփական էլեկտրականություն, սանտեխնիկա, ջեռուցում, պատկերասրահ և էկզոտիկ բույսերով հարուստ այգի, կինոթատրոն, ֆոտոստուդիա և բազմաթիվ այլ հարմարություններ։

Ալեքսանդր Մելիք-Ազարյանցը թբիլիսահայ բարերար և գործարար էր, Կովկասի հայոց բարեգործական ընկերության պատվավոր անդամ, Ներսիսյան ճեմարանի պատվավոր հոգաբարձուներից մեկը։