«Մենք հիշում ենք նոյեմբերի 7-ը»․ ակցիա՝ ընդդեմ Սաակաշվիլիի

Ռուսթավելի պողոտա, նոյեմբերի 7, 2007թ․

«Ոչ ֆաշիզմին» շարժումը նոյեմբերի 7-ին ժամը 16:00-ին Ռուսթավելի պողոտայում «Մենք հիշում ենք նոյեմբերի 7-ը» կարգախոսով խաղաղ ակցիա կանցկացնի։

Շարժման անդամները, ովքեր «Սաակաշվիլիի ռեժիմից» տուժած քաղաքացիներ են,  Interpressnews-ին ասել են, որ ակցիան կոչ է Վրաստանի քաղաքացիներին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ոչ ասել Սաակաշվիլիի հնարավոր իշխանությանը։

2007-ի նոյեմբերի 7-ը քաղաքացիների հիշողության մեջ մնացել է որպես մեծ բիծ, որ Վարդերի հեղափոխությունից հետո (2003)  թույլ տվեցին ժողովրդավարության ուղին բռնած Վրաստանի իշխանությունները։

Այդ օրը ոստիկանությունը հատուկ միջոցների՝ ջրանետների, արցունքաբեր գազի եւ ռետինե գնդակների կիրառմամբ Թբիլիսիի կենտրոնում ցրեց ընդդիմության բողոքի բազմահազարանոց ակցիան, երկրում արտակարգ դրություն մտցվեց։

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցության առաջնորդներից Գրիգոլ Վաշաձեի հավանական հաղթանակն այս օրերին փողոց է դուրս բերում նախկին իշխանությունների ընդդիմախոս քաղաքացիներին։ Նրանք բողոքի ակցիաներում կոչ են անում չընտրել Վաշաձեին, որն ըստ նրանց, կնշանակի Սաակաշվիլիի ռեժիմի վերադարձ։