Մեծամասնական պատգամավորները սպառնում են լքել իշխող կուսակցությունը. Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ, իշխող «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեի հայտարարությամբ, իշխող կուսակցության մեծամասնական որոշ պատգամավորների կողմից սպառնալիքներ կան, որ եթե խորհրդարանը չանցնի լիարժեք մեծամասնական ընտրակարգի, կլքեն կուսակցությունը:

Կալաձեի խոսքով, մեծամասնական որոշ պատգամավորները այդ հարցում լուրջ են տրամադրված:

«Սպառնալիք եղել է, սակայն կսպասենք իրադարձությունների զարգացմանը: Իշխող թիմը հանդիպումներ, խորհրդատվություններ է անցկացնում: Այս պահին իշխանությունը սահմանադրական փոփոխություն իրականացնելու ռեսուրս չունի»,- ասել է Կալաձեն:

Կալաձեն ավելացրել է, որ մեծամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ իշխող թիմում կարծիքները կիսվել են:

«Կան մարդիկ, ովքեր կողմ են միայն մեծամասնական ընտրակարգին, մեծ մասը դեմ է սահմանադրական փոփոխություններին՝ կողմնակից գործող տարբերակին: 2020 թվականի ընտրությունները կանցկացվեն խառը՝ մեծամասնական ու համամասնական ընտրակարգով, իսկ 2024-ին խորհրդարանն ամբողջովին կանցնի համամասնական ընտրակարգի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Կախա Կալաձեն:

Հիշեցնենք, հունիսի 20-ի իրադարձություններից հետո իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին բավարարելով ցուցարարների պահանջներից մեկը, խոստացել էր համամասնական ընտրակարգի անցնել արդեն 2020 թվականից: Շուրջ 3 ամիս ընթացող քննարկումներից հետո խորհրդարանը, սակայն, տապալեց սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը, ինչից հետո ցույցեր վերսկսեցին, ավելի քան 20 ընդդիմադիր ուժ միավորվեց՝ ընդդեմ իշխանության:

Ընդդիմությունն այս պահին պահանջում է համամասնական ընտրությունների անցկացում 2020 թվականից, սակայն հաշվի առնելով, որ իշխող կուսակցությունը դեմ է պահանջին, առաջարկում է նաև քննարկել գերմանական մոդելը: Ի դեպ, վերջերս կայացած ներկուսակցական հանդիպմանը իշխող ուժը քննարկել էր նաև ամերիկյան մոդելը: