Պատվաստում կեղծելու մեղադրանքով բուժքույր է ձերբակալվել

Վրաստանում իրավապահները ձերբակալել են 2 անձի, ովքեր 150 (մոտ 50 ԱՄՆ դոլար) լարիի դիմաց պատվաստումների բազայում գրանցել են չպատվաստված քաղաքացու։ Ձերբակալվածներից մեկը բուժքույր է, ով Թբիլիսիի բուժհաստատություններից մեկում պատվաստումներ էր իրականացնում։ Այս մասին տեղեկությունը տարածում է ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։

Հետաքննության տվյալներով՝ բուժքույրը քաղաքացուց ապօրինի նյութական օգուտ ստանալու նպատակով իր հետ կապված անձի հետ շորթել է 150 լարի, ինչի դիմաց առանց համապատասխան պատվաստման ընթացակարգի կազմել է կեղծ COVID-19 պատվաստման քարտ՝ իբր քաղաքացին պատվաստվել է Pfizer պատվաստանյութով։

Գործը քննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի առաջին մասով, 4-րդ և 362-րդ հոդվածով (խմբակային կաշառք և կեղծ պաշտոնական փաստաթուղթ), որը նախատեսում է ազատազրկում 4-ից 6 տարի ժամկետով։