Միավորված ընդդիմությունը բողոքի ցույց կանցկացնի Քութայիսիում

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 14:00-ին Վրաստանի Քութայիսի քաղաքում, ավելի քան 20 ընդդիմադիր ուժից կազմված Միավորված ընդդիմությունը բողոքի ցույց կանցկացնի: Մինչ ցույցի մեկնարկը քաղաքի կենտրոնական հատվածի երկայնքով «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունը երթով կշարժվի դեպի ցույցի վայրը:

«Եվրոպական Վրաստանի» առաջնորդ Դավիթ Բաքրաձեի հայտարարությամբ, քանի դեռ երկրում գոյություն ունեցող իրավիճակից ելք չկա, խաղաղ ակցիաները կշարունակվեն:

«Ցույցը կանցկացնենք խաղաղ և ոչ բռնի պայմաններում՝ ճիշտ այնպես, ինչպես մեր նախորդ բոլոր ակցիաները: Նման ցույցեր կլինեն Վրաստանի այլ շրջաններում ու քաղաքներում ևս: «Վրացական երազանքը» և Իվանիշվիլին պետք է հասկանան, որ իրենց ստեղծած քաղաքական ճգնաժամին վերջ չի դրվի հատուկ ջոկատայիններին մարդկանց դեմ օգտագործելով»,- ասել է Բաքրաձեն:

Նա նաև ավելացրել է, որ ցույցերը կշարունակվեն նաև Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի հարակից տարածքում:

Հիշեցնենք, Թբիլիսիում Միավորված ընդդիմության երկու մասշտաբային ակցիաները, որոնցից հետո ցուցարարները փորձել են արգելափակել խորհրդարանի շենքը, ավարտվել են հատուկջոկատայինների կողմից հատուկ միջոցների կիրառմամբ: