Միջքաղաքային ուղևորափոխադրումները թանկացել են

Վրաստանում միջքաղաքային ուղևորափոխադրումները լրացուցիչ մի քանի ուղղություններով թանկացել են։ Այս մասին գրում են քաղաքացիները սոցիալական ցանցերում։

Մասնավորապես, տարածված տեղեկությունների համաձայն՝ Թբիլիսի-Լագոդեխի և Թբիլիսի-Ծնորի մշտական ուղղություններով տրանսպորտի արժեքն ավելացել է։

Ավելի կոնկրետ՝ քաղաքացիները գրում են, որ Թբիլիսի-Լագոդեխի երթուղով միկրոավտոբուսով տեղաշարժվելու սակագինը 15 լարիից դարձել է 20 լարի, իսկ Թբիլիսի-Ծնորի երթուղու դեպքում՝ 10-ից մինչև 15 լարի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ սեպտեմբերի 19-ից, միկրոավտոբուսով ուղևորափոխադրումը թանկացել էր նաև Ռուսթավիից դեպի Թբիլիսի ուղղությամբ։ Սակագինը 2.50 լարիի փոխարեն դարձել է 3 լարի։

Մասնավորապես, միջքաղաքային ավտոտրանսպորտով ուղևորության արժեքն տարեկան կտրվածքով աճել է 17%-ով, քաղաքային ավտոբուսներով և միկրոավտոբուսներով տեղաշարժը՝ 15.2%-ով, մերձքաղաքային ավտոբուսներով ուղևորությունը՝ 11.3%-ով, իսկ տաքսիով տեղաշարժը՝ 9.2%-ով։

Ուղևորությունների թանկացման հիմնական պատճառներից մեկը նշվում է վառելիքի գների աճը, որը տեղի էր ունենում փուլ առ փուլ՝ օրերի և շաբաթների ընդմիջումներով։ Միայն սեպտեմբերին բենզինի գինը բարձրացել է 14-31 թեթրիով, իսկ դիզվառելիքի արժեքը՝ 30-52 թեթրիով։