«Միմինո». հայ և վրացի երիտասարդներին միավորող ծրագիր

Թբիլիսիում ավարտվեց «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի նախաձեռնած «Միմինո» կամ «Կովկասը մեր միակ և ընդհանուր տունն է» ծրագիրը՝ կրկին փորձելով միավորել հայ և վրացի երիտասարդներին։

Ծրագրի առաջին փուլը հուլիսի 12-16-ը տեղի է ունեցել Հայաստանում, իսկ երկրորդը՝ սեպտեմբերի 20-23-ը, Վրաստանում։

«Ալիք մեդիային» ՀԿ-ից փոխանցեցին, որ ծրագրի նպատակն է նոր հարթակ ստեղծել երկու հարևան երկրների երիտասարդության համար, որտեղ կձևավորվի վստահություն ու համերաշխություն՝ նպաստելով Վրաստանի և Հայաստանի երիտասարդների միջև երկարատև համագործակցությանը:

Կազմակերպիչների խոսքով, այս ամենն արվում է մի շարք յուրօրինակ միջոցառումների իրականացման միջոցով, դրանք ցույց են տալիս, թե այսքան իրար մոտ երկրների երիտասարդներն ինչպիսի իրականության մեջ են ապրում, որոնք են հետաքրքրությունները, ինչ մոտեցումներ ունեն ժողովրդավարության, օրենքի գերակայության և այլ հարցերի վերաբերյալ։

Ծրագրի ընթացքում Հայաստանից և Վրաստանից 20 երիտասարդ քաղաքագետներ, սոցիոլոգներ և լրագրողներ փոխադարձ այցելություններ են կատարել միմյանց երկրներ՝ ճամփորդելով մարզերով: Նրանք հանդիպումներ և քննարկումներ են ունեցել պետական և ոչ պետական կառույցների ներկայացուցիչների հետ, կիսվել իրենց փորձով:

«Երիտասարդների համագործակցությունը նպաստելու է մեր երկու երկրների միջև կարևորագույն հարցերում փոխըմբռնման ձևավորմանը, կողք կողքի Վրաստանի ու Հայաստանի խաղաղ համակեցության ամրապնդմանը», —  մեզ հետ զրույցում հայտնեցին կազմակերպությունից: