Մոսկվան կրկին «գոհունակություն» է հայտնում Թբիլիսիի նկատմամբ

Պաշտոնական Մոսկվան կրկին իր «գոհունակությունն» է հայտնում Թբիլիսիից և խոսում Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու հնարավորության մասին, ռուսական ТАСС գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Գալուզինն ընդգծել է, որ կայուն կապերի առկայությունը բխում է երկու ժողովուրդների շահերից, որոնց միավորում է բարեկամության և բարիդրացիության դարավոր ավանդույթը, ընդհանուր պատմությունն ու մշակույթը:

«Մեր երկրում հարյուր հազարավոր վրացիներ են ապրում և հաջողության հասնում: Վերջին շրջանում ՌԴ քաղաքացիների թիվն ավելանում է նաև Վրաստանում»,- ասել է Գալուզինը:

Ի դեպ, մինչ այս՝ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ գործերի չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը չէր բացառել՝ երկու երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումը: Ավելի ուշ Թբիլիսիում հայտարարեցին, որ Մոսկվայից նմանատիպ առաջարկ դեռ չեն ստացել։

Նշտնք, որ Ռուսաստանը Վրաստանի հետ ուղիղ չվերթները չեղարկել էր 2019 թվականի հուլիսի 8-ից, այսպես կոչված «Գավրիլովի գիշեր» անունով հայտնի իրադարձություններից հետո։ Ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի գլխավորությամբ ռուսական պատվիրակության ներկայությունը թբիլիսյան Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին, միանշանակ չընդունվեց, ինչին հետևեցին հակառուսական բազմամարդ բողոքի ակցիաները։

Նշենք նաև, որ Ռուսաստանը Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ է մտցրել 2000 թվականին: Մյուս կողմից, 2011 թվականի փետրվարին Վրաստանը միակողմանիորեն չեղարկել է վիզային ռեժիմը Ռուսաստանի քաղաքացիների համար։