Մոսկվայի հանդարտությունը բեմադրված է․ արձագանքներ Վրաստանից

Վրացի վերլուծաբանների կարծիքով, Ռուսաստանում տեղի ունեցածն ամենևին էլ բեմադրված չէր: Ըստ նրանց՝ ռազմական ապստամբությունից հետո փլուզվեց Ռուսաստանը, ռուսական պետականությունը։ 

Նրանց գնահատմամբ՝ Պուտինի հեղինակությունը և իմիջը ոչնչացված է. «խոհարար» Պրիգոժինին հաջողվեց այն, ինչ չկարողացան անել Նավալնին և ուկրաինական քարոզչությունը:

Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով վրացի հետազոտող Գիորգի Բիլանիշվիլին «Ալիք մեդիա»-ի հետ զրույցում ասաց՝ այս պահին Ռուսաստանում տեղի ունեցած ապստամբությունն ավարտված է, սակայն, դա ապացուցեց, որ մինչ այդ Մոսկվայի և Պուտինի ռեժիմի ցուցադրած ներքին հանդարտությունը, ուղղակի բեմադրություն էր:

Բիլանիշվիլին նշում է՝ հիշյալ խռովությունը ցույց տվեց, որ ինչպես Պրիգոժինն ապստամբեց, նույն կերպ ցանկացած ոք Ռուսաստանում կարող է ընդվզել: Վրացի հետազոտողի խոսքով, որքան էլ պնդեն, թե այն բեմադրված էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին պաշտոնանկ անելու համար՝ իրականությանը մոտ չէ, քանի որ Շոյգուին պաշտոնից ազատելու համար Պուտինին նման սցենարներ պետք չէին լինի:

Քաղաքական այս իրավիճակի ֆոնին, թե տարածաշրջանում ինչ զարգացումներ կարելի է սպասել, Բիլանիշվիլին ասում է.

Տարածաշրջանում որևէ փոփոխություն պետք չէ սպասել. կպահպանվի այն իրավիճակը, որն առկա է ռուս-ուկրաինական պատերազմից հետո:

Միակ բանը, որ տեղի է ունենում հետխորհրդային երկրներում և մասնավորապես Հարավային Կովկասում, ռուսական ազդեցության աստիճանական նվազումն է: Ինչը չեմ ասի Վրաստանի դեպքում, քանի որ ռուս-ուկրաինական պատերազմից հետո գործող իշխանությունը Ռուսատանի հետ հարաբերությունները բարելավում է»:

Ըստ Բիլանիշվիլիի՝ Վրաստանի իշխանությունը, անսալով քաղաքացիների պահանջին, պետք է հատուկ ուշադրություն դարձնի Ռուսատանի քաղաքացիների համար վիզային ռեժիմին:

«Վրաց-եվրոպական ինստիտուտի» (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլիի խոսքով, Ռուսաստանում ապստամբությունը բեմադրված չէր․ դրանից հետո ռուսական պետականությունն ամբողջովին քայքայվել է, և գոյությունը պարզապես իներցիա է, որը վաղ թե ուշ կկազմալուծվի:

Նրա խոսքով, այս ապստամբությամբ Ռուսաստանում սկսվեց երկթագավորությունը, որը ռուսական քաղաքական կառուցվածքում երկար գոյատևել չի կարող:

«Հարևան, օկուպացիոն պետությունում ամեն ինչ սկսվեց և ավարտվեց այնպես, որ Վրաստանը ոչ միայն չկարողացավ մոբիլիզացվել, անգամ ի վիճակի չեղավ  Անվտանգության խորհրդի արտակարգ  հանդիպում կազմակերպել, դա պետության դիսֆունկցիայի վառ օրինակ է»:

Մելաշվիլիի գնահատմամբ՝ սա Վրաստանի համար ևս մեկ դաս էր. Վրաստանի անվտանգության համակարգը լիովին խարխլված է։

Ինչ կատարվեց Ռուսաստանում

Հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը ՌԴ ՊՆ-ին մեղադրել էր իր ճամբարներին հարվածներ հասցնելու մեջ: Պրիգոժինը հայտարարել էր, որ իրականում պատրաստվում է ռազմական հեղաշրջում անել Ռուսաստանում։ Իր այդ քայլը նա անվանել է «Արդարության երթ»։

Հունիսի 24-ի առավոտյան «Վագներ»-ի հիմնադիրները գրավել են Դոնի Ռոստովը։ Ավելի ուշ հաղորդվել է, որ նրանք վերահսկում են Վորոնեժի մի քանի ռազմական օբյեկտներ։ Շրջանի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտնել էր, որ մարզում «օպերատիվ մարտական ​​գործողություններ» են ընթանում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը նախատեսում է տուգանքներ և 30-օրյա վարչական կալանք ռազմական դրությունը խախտելու համար։

Ավելի ուշ՝ հունիսի 24-ի երեկոյան, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը հայտնեց, որ Պրիգոժինն ընդունել է նրա առաջարկը՝ դադարեցնել «Վագների» առաջխաղացումը Ռուսաստանի տարածքով և հետագա քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար։

Ինչ են պահանջում Վրաստանում

Վրաստանի քաղհասարակությունը Ռուսաստանում շարունակվող ներքին ռազմական հակամարտության ֆոնին պետության ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար պահանջում է դադարեցնել օդային հաղորդակցությունը և փակել Ռուսաստանի Դաշնության հետ ցամաքային սահմանը։

Ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Գիորգի Գախարիան իշխանություններին կոչ է արել Անվտանգության խորհրդի նիստ գումարել և ժամանակավորապես փակել Ռուսաստանի հետ սահմանն այդ երկրում ընթացող գործընթացների պատճառով։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, արձագանքելով Գախարիայի կոչին, ասել է, որ այժմ պետք է հետևել իրադարձությունների զարգացմանը, և դա միակ բանն է, որ պետք է անել։

Վրաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչները և նախագահ Զուրաբիշվիլին ևս կոչ են արել, որ ռուսաստանյան իրադարձությունների հետ կապված ժամանակավորապես փակվի և խստորեն վերահսկվի վրաց-ռուսական սահմանը։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հունիսի 24-ի դրությամբ «Դարիալ»-ի սահմանային ներգաղթի վերահսկման ծառայությունն աշխատում է բնականոն հունով, և որևէ ուղղությամբ ուղևորահոսքի ու երթևեկության աճ չկա։

Երեկ՝ հունիսի 24-ին, Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի առջև տեղի ունեցավ «Փակեք Ռուսաստանի հետ սահմանը» պահանջով բողոքի ակցիա։