Աբխազական կողմը փակել է «սահմանը»

Հունիսի 25-ի առավոտյան Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո կառավարությունը միակողմանի փակել է Աբխազիան Վրաստանին կապող Էնգուրիի կամուրջը։

Աբխազիայի դե ֆակտո կառավարության որոշմամբ՝ «սահմանապահները» Վրաստանից չվերահսկվող շրջանի բնակիչներին թույլ չեն տալիս մուտք գործել պաշտոնական Թբիլիսիի կողմից վերահսկվող տարածք, մինչդեռ նրանք, ովքեր ներկայումս գտնվում են Վրաստանից վերահսկվող տարածքներում, կարող են վերադառնալ Աբխազիա։

Վրաստանից չվերահսկվող Գալիի բնակիչներից մեկը RadioTavisupleba-ին ասել է, որ չնայած անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի առկայությանը, իրեն թույլ չեն տվել հատել շփման գիծը։

«Միայն Աբխազիա եկողների մուտքն է թույլատրվում»,- ասել է բնակիչը։