Հանքափորները դադարեցնում են բողոքի ակցիաները

Լուսանկարը՝ RadioTavisupleba-ի

Վրաստանի Իմերեթիի մարզի Ճիաթուրայի մունիցիպալիտետում գործող «Ջորջիան Մանգանեզ» ընկերության հանքափորները Թբիլիսիում բողոքի ակցիան ու հացադուլը դադարեցրել են։

Բողոքի ակցիայի դադարեցմանն ու հացադուլին նախորդել էին ընկերության հետ բանակցությունները, որին որպես միջնորդ մասնակցել է պետությունը։

Խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած վերջին հանրահավաքում հանքափոր Տարիել Միքացաձեն ասել է, որ հաշվի առնելով 19 օր տևած բողոքի ակցիան, 13 օր տևած հացադուլը՝ որոշում են կայացրել համաձայնել աշխատավարձերի 11,9 տոկոս բարձրացմանը։

Միքացաձեն նշել է՝ հանքափորների առաջադրած մյուս հարցերն օրակարգում կմնան։

Ի դեպ, առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել բանակցությունների հաջող ավարտի մասին։

Նախարարությունից հայտնել են, որ բանակցությունների բոլոր պահանջների շուրջ կա սկզբունքային համաձայնություն։