Բաչալիաշվիլիի գործով նախկին քննիչը ձերբակալվել է

Վրաստանի դատախազության փոխանցմամբ՝ Թամար Բաչալիաշվիլիի գործով նախկին քննիչ Սերգո Շուբիթիձեն ձերբակալվել է սուտ ցուցմունք տալու համար։

Ըստ հաղորդագրության՝ Շուբիթիձեն դատարանում որպես վկա հարցաքննության ժամանակ կրկնել է հեռուստաընկերություններից մեկում արած հայտարարությունները, որոնք կեղծ տեղեկատվություն են պարունակում և նպատակ են ունեցել մոլորեցնել Բաչալիաշվիլիի ընտանիքին, հասարակությանը, քննչական գործակալությանը և արդարադատությանը։

«Հարցազրույցի ընթացքում հայտարարված տեղեկությունը ճշտելու նպատակով անհապաղ հետաքննություն է սկսվել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ի դեպ, 2023 թվականի ապրիլի 29-ին «Ֆորմուլա»-ին տված հարցազրույցում նախկին քննիչն ասել էր, որ Բաչալիաշվիլիի ինքնասպանության վարկածն իր համար համոզիչ չէ:

Հետաքննությունը նշում է, որ Բաչալիաշվիլիի մահվան գործով տարբեր ժամանակահատվածներում արձանագրվել են ապացույցների կեղծման փաստեր՝ ընտանիքի անդամներին և հանրությանը մոլորեցնելու նպատակով։

Հիշեցնենք. 23-ամյա Բաչալիաշվիլին անհետացել է 2020 թվականի հուլիսի 18-ին։ 4-օրյա որոնումներից հետո հուլիսի 22-ին նրա դին գտել են ճանապարհից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա կայանված իր մեքենայում՝ Թեթրիծկղարոյի մունիցիպալիտետի Մածևանի գյուղի տարածքում գտնվող անմարդաբնակ վայրում։

Հետաքննությունն ի սկզբանե իրականացվել է ազատությունից ապօրինի զրկելու գործով, դիակի հայտնաբերման երկրորդ օրը՝ հուլիսի 24-ին, առաջադրվել է Բաչալիաշվիլիի ինքնասպանության վարկածը։

Դատախազությունը 2020 թվականի դեկտեմբերի 17-ին հայտարարել էր, որ Բաչալիաշվիլիի նկատմամբ հանցագործություն չի կատարվել, նա ինքնասպան է եղել, և գործն այս եզրակացությամբ փակվել է։

Հատկանշական է, որ ընտանիքն առաջին իսկ օրից պնդում է, որ Բաչալիաշվիլին սպանվել է: