Մոսկվայի հետ թռիչքները առևտրատնտեսական հարաբերությունների մասն են․ վարչապետ

Վրաստանի վարչապետը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերի արգելքի չեղարկումը և Վրաստանի քաղաքացիների համար Ռուսաստան առանց վիզայի մուտքի հնարավորությունը։ Նա նշել է, որ թռիչքներն առևտրատնտեսական հարաբերությունների բաղկացուցիչ մասն են։

Վարչապետը նշել է, որ Վրաստանը Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններ ունի, որի վերականգնումը կառավարության աժանիքն է։

«Մենք թիմում քննարկում ունեցանք, վերլուծեցինք՝ թռիչքները առևտրատնտեսական հարաբերությունների բաղկացուցիչ մասն են։

Ռուսաստանի հետ մեր առևտուրը կազմում է առավելագույնը մեկ միլիարդ դոլար։ Այն, գումարը, որը ստանում է Եվրամիությունը Ռուսաստանի հետ արևտրի արդյունքում 4 օրում, մեր երկիրը ստանում է մի ամբողջ տարվա ընթացքում։ Եվրամիությունը, որը հավանություն չտվեց Ռուսաստանի հետ այս թռիչքներին, անցյալ տարի 270 միլիարդ դոլար փոխանցել է ՌԴ-ին արևտրատնտեսական հարաբերությունների արդյունքում»,- ասել է Ղարիբաշվիլին։

Ի դեպ, Պուտինի որոշմամբ Ռուսաստանը մայիսի 15-ից չեղարկում է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը՝ վերացնելով նաև ուղիղ չվերթերի արգելքը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Վրաստանի հետ ուղիղ ավիաչվերթերի արգելքը սահմանել է 2019 թվականի ամռանը՝ «Գավրիլովի գիշերից» հետո։

Ռուսաստանը Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ է մտցրել 23 տարի առաջ՝ 2000 թվականին։ Հատկանշական է, որ Վրաստանն իր հերթին ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացրել է 2012 թվականին։