ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորականները Թբիլիսիում են

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն այսօր հյուրընկալել է Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրաստիճան զինվորականներին։ Այդ մասին տեղեկություն է տարածում Վրաստանի պաշտպանության նախարարությունը։

Հաղորդագրության համաձայն հանդիպմանը մասնակցել են ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Նիկոլա Ձանելին և ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական համագործակցության բաժնի տնօրեն, գեներալ-մայոր Ֆրանչեսկո Դիելլան:

Հանդիպման հիմնական թեմաներն են եղել ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության գործնական մեխանիզմները, ներգրավվածությունը Սևծովյան ռազմավարական երկխոսության հարցում և տարածաշրջանում անվտանգության հաստատումը։

Ջուանշեր Բուրճուլաձեն նշել է, որ չնայած մարտահրավերներին, Վրաստանն իր գործընկերների աջակցությամբ շարունակում է հետամուտ լինել պաշտպանական բարեփոխումներին՝ իր պաշտպանվածությունն ավելի զարգացնելու համար։

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև այս տարի անցկացվելիք ՆԱՏՕ-Վրաստան երրորդ համատեղ զորավարժություններին։