Նավալնին կոչ է անում ազատ արձակել Սաակաշվիլիին

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որ այժմ գտնվում է բանտում, ծավալուն հայտարարություն է հրապարակել Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ և կոչ է արել Վրաստանի իշխանություններին` ազատ արձակել նրան։

Ըստ Նավալնիի՝ անձամբ չի ճանաչում Սաակաշվիլիին և երբեք չի հանդիպել նրան։ Նա նաև ընդգծել է, որ իրեն ոչ ոք չի խնդրել գրել նշված հայտարարությունը։

«2008 թվականին ես գրառում էի արել, որտեղ վիրավորել էի վրացիներին, ինչը պայմանավորված էր նրանով, որ ընկերոջս ռմբակոծել էին Ցխինվալիում։ Ես ներողություն խնդրեցի դրա համար և կրկին ներողություն եմ խնդրում, չնայած գիտեմ, որ դրա պատճառով իմ կարծիքը Վրաստանում այնքան էլ չի գնահատվում։

Չնայած դրան, այնուամենայնիվ որոշեցի գրել այս հայտարարությունը որպես մարդ և որպես քրիստոնյա, քանի որ այն, ինչ կատարվում է, դժվար է դիտել։ Սաակաշվիլին տառապում է, նրա ընտանիքը տառապում է, և ամբողջ Վրաստանն իրեն վատ է զգում տեղի ունեցողի պատճառով։ Այս իրավիճակը հարիր չէ նրանց, ովքեր ցանկանում են, որ Սաակաշվիլին մինչև մահ բանտում մնա։ Ես հավատում եմ Վրաստանի եվրոպական ապագային: Ես հավատում եմ, որ այս քաղաքական հակամարտությունը կլուծվի խաղաղ ճանապարհով»,- գրել է Նավալնին:

Նավալնին նշել է՝ երրորդ նախագահի բանտարկությունն ու խոշտանգումները սարսափելի են ու անսիրտ, և դա վնասում է Վրաստանի եվրոպական ապագային, նրա զարգացմանը և նվազեցնում նորմալ կյանքի շանսերը։

«Ես կոչ եմ անում Վրաստանի կառավարությանը և Միխեիլ Սաակաշվիլիի բոլոր հակառակորդներին` քրիստոնեական ոգով քայլ կատարել դեպի խաղաղություն», գրել է ազատազրկված Նավալնին։