Նախագահը վետո դրեց «Հավաքների և ցույցերի մասին» օրինագծի վրա

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանում իր պաշտոնանկության քննարկմանն ընդառաջ վետո է դրել իշխանության նախաձեռնած «Հավաքների և ցույցերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծի վրա:

Հարկ է նշել, որ հոկտեմբերի 18-ին Վրաստանի խորհրդարանում կքննարկեն նախագահ Զուրաբիշվիլիի պաշտոնանկության հարցը, որը նախաձեռնել է իշխող «Վրացական երազանք» կուսակացությունը: Իշխանությունը նախագահի պաշտոնանկության գործընթաց էր սկսել այն բանից հետո, երբ նախագահը առանց կառավարության թույլտվության մեկնել էր ԵՄ երկներ՝ երկրի եվրոպական ապագային միտված հանդիպումների համար: Սահմանադրական դատարանը համարել է, որ Զուրաբիշվիլին խախտել է երկրի Սահմանադրությունը՝ առանց կառավարության համաձայնության մեկնելով ԵՄ երկրներ։

Վրաստանի խորհրդարանը «Հավաքների և ցույցերի մասին» օրենքում փոփոխությունը երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել է հոկտեմբերի 5-ին:

Այժմ, օրինագծն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է Վրաստանի նախագահի ստորագրությունը։

Օրենքի նախագծի քննարկմանը զուգահեռ քաղաքացիները «Մերժում ռուսական օրենքին» խորագրով բողոքի ակցիա էին անցկացնում խորհրդարանի հետնամասում: Քաղաքացիները խորհրդանշական կերպով վրաններ էին տեղադրել: Ըստ նրանց՝ օրինագիծը, ինչպես «գործակալների մասին» օրենքը, ռուսական օրենք է: Ցուցարարները պնդել են՝ օրենքում փոփոխությունները, որոնք խորհրդարանն ընդունեց արագացված կարգով, սահմանափակում են քաղաքացու խոսքի ազատությունը և սահմանադրական իրավունքները։

Այս մասին ավելին՝ ստորև նյութում.

«Ռուսական օրենք է». նոր օրինագիծն ու ներքաղաքական զարգացումները