Նախագահի կողմից գաղտնալսումների մասին օրենքի վրա վետո դնելն անհասկանալի է. Կոբախիձե

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն անհասկանալի է որակել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից գաղտնալսումների մասին վիճահարույց օրենքի վրա վետո դնելը։

Ըստ կուսակցության նախագահի՝ սա «ամենապարզ» և «մաքուր» օրինագիծն է:

«Երբ օրինագծի քննարկումը երկու ամսից ավելի է տևում, դիտողություն չեն անում և վերջում ստանում ես այս օրինագիծը, որը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին և ստրասբուրգյան պրակտիկային, դրանից հետո վետո են դնում, ինձ շատ է հետաքրքրում` ինչ է գրված այս վետոյում: Ոչ մի օրինական բան չի կարող գրվել, ուստի նախագահի այս որոշումը բացարձակապես անհասկանալի է»,- ասել է Կոբախիձեն։

Կոբախիձեն նշել է՝ եթե համոզվեն, որ նախագահը իրավական դիտողություն չունի, միանշանակ, վետոն կչեղարկվի:

Նշենք, որ Զուրաբիշվիլին երեկ վետո դրեց խորհրդարանի մեծամասնության կողմից ընդունված գաղտնալսումների մասին աղմկահարույց օրենքի վրա։ Սա Զուրաբիշվիլիի կիրառած առաջին վետոն է։

Նախագահը վետո դրեց գաղտնալսումների մասին օրենքի վրա