Նախատոնական տրամադրություն Թբիլիսիում. տոնավաճառներ, համերգներ, փառատոներ

Թբիլիսին արդեն պատրաստվում է ամանորյա տոներին՝ տոնավաճառներ, զեղչեր, տուրեր դեպի լեռնադահուկային հանգստավայրեր ու ամենակարևորը՝ Նոր տարվա գիշերվա համերգներ ու միջոցառումներ: Ինչպե՞ս անմոռանալի դարձնել ամանորյա հանգիստը Թբիլիսիում: «Ալիք Մեդիան» ամբողջացրել է ամանորյա միջոցառումները.

Մայրաքաղաքի գլխավոր միջոցառումը՝ ամանորյա տոնածառի լույսերը վառելու արարողությունը, տեղի կունենա դեկտեմբերի 25-ին: Օրեր առաջ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մեծ միջոցառման մասին հայտարարեց ֆեյսբուքյան իր էջում:

Մինչև Նոր տարվա գիշերը, մի քանի տոնավաճառ է նախատեսվում անցկացնել՝ հարազատներին ու սիրելի մարդկանց նվերներ գնելու, կամ պարզապես ամանորյա շունչը զգալու, փողոցային սնունդ ու տաք գլինտվեյն ըմպելու համար:

Այսպես, «Ֆաբրիկա»-ի (Նինոշվիլի 8) տարածքում դեկտեմբերի 21-22-ին կհավաքվեն հետաքրքիր ապրանք ներկայացնող ստարտափ կազմակերպություններ, ամանորյա տոնավաճառը կուղեկցվի համերգներով. դեկտեմբերի 21-ին, ժամը 15:00-ին ելույթ կունենա մանկական երգչախումբ, իսկ երկու օրվա ընթացքում ժամը 17:00 և 18:00 կարճ պերֆորմանսներով ելույթ կունենա  New Band-ը:

Ամանորյա տրամադրություն, ձեռքի աշխատանքներ, տոնածառներ, խաղալիքներ, քաղցրավենիքներ, տաք ըմպելիքներ ու խարույկներ՝ այս ամենը կգտնեք դեկտեմբերի 22-ին, Մթածմինդայի այգում:

Դեկտեմբերի 28-ին Հին Թբիլիսիի թաղամասում (Մեյդան) կկայանա ամանորյա փառատոն։

Նոր տարին՝ նոր գրքերով. սա ամանորյա գրքերի տոնավաճառի խորագիրն է: Գրքի սիրահարների համար հիանալի տարբերակ՝ դեկտեմբերի 27, 28, 29-ին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանում (Գուդիաշվիլի 7) կներկայացվեն տարվա բոլոր նորույթներն ու բեսթսելերները: Փառատոնին գրքերը կվաճառվեն տոնական զեղչերով:

Ինչ վերաբերում է քաղաքից դուրս հանգստին, Գուդաուրիում ձմեռային սեզոնի բացումը կլինի դեկտեմբերի 15-ին: Այս կապակցությամբ տեղում մի շարք միջոցառումներ են կազմակերպվելու: