Նախընտրելի է, որ ընտրությունները լինեն շաբաթ կամ կիրակի օրերին. Լոմջարիա

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան ևս հակված է այն մտքին, որ ընտրությունները հարկավոր է անցկացնել ոչ աշխատանքային՝ շաբաթ կամ կիրակի օրերին։ Հիշեցնենք՝ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 28-ին՝ չորեքշաբթի, ինչն արդեն դժգոհությունների առիթ է դարձել։

«Իհարկե, շատ կարևոր է, որ արտասահմանում գտնվող մեր քաղաքացիները քվեարկեն և դրա հնարավորությունը նրանք հիմնականում շաբաթավերջին ունեն: Նաև պետք է հաշվի առնել, որ երկիրն ունի շատ բարձր ներքին միգրացիա և քաղաքացիները քվեարկելու համար պետք է անցնեն երկար ճանապարհ՝ հասնեն իրենց գրանցման վայր, ինչը ևս մեկ պատճառ է ընտրությունները հանգստյան օրերին անցկացնելու համար», — ասել է Լոմջարիան:

Ըստ Լոմջարիայի՝ ընտրություններին բարձր մասնակցություն ապահովելու համար հարկավոր է շաբաթ կամ կիրակի անցկացնել այն:

Հիշեցնենք նաև, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ — Վրաստան», «Արդար ընտրություններ» և «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցացիա» հասարակական կազմակերպությունները կենտրոնական ընտրական հանձնաժողովին կոչ են անում ընտրությունները չնշանակել աշխատանքային օր և ընտրությունների երկրորդ փուլի համար օպտիմալ ժամկետ են համարում դեկտեմբերի 1-ը: Հակառակ դեպքում Վրաստանի մի շարք քաղաքացիներ չեն կարողանա մասնակցել ընտրություններին։