Փարաջանովի 100-ամյակը նշվեց Թբիլիսիում

Այսօր՝ հունվարի 9-ին, թբիլիսահայ աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ Թբիլիսիի սակրեբուլոյի (ավագանի) շենքում տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում ամփոփվեցին նաև Փարաջանովի անվան ավանդական դարձած մրցույթի արդյունքները:

Մրցույթն իրականացվել էր «Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպության (ՀԿ) կողմից՝ Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի, Իլիայի պետական համալսարանի, Գեղարվեստի ակադեմիայի, Վրաստանում ՀՀ դեսպանության, Երևանի Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի, Թբիլիսիի պետական հայկական դրամատիկական թատրոնի աջակցությամբ, մշակութային գործիչների հետ համագործակցությամբ։

Մրցույթին մասնակցած բոլոր մասնակիցների աշխատանքները ցուցադրվեցին սակրեբուլոյի տաղավարում, որտեղ ընթանում էր միջոցառումը։ Ժյուրիի անդամները, որոնց կազմում էին Արմեն Բայանդուրյանը, Իրենա Օգանջանովան, Գիորգի Գեգեճկորին, Թեա Քամուշաձեն և Լևոն Ուզունյանը,  ընտրել էին երեքական հաղթողների՝ երկու կատեգորիայում:

Փոքր տարիքային խմբից հաղթող ճանաչվեց Անա Գիգոլովայի աշխատանքը, մեծերից՝ Քեթևան Գոկիելիի, Էռնա Դոլմազովայի և Լադո Կվաճաձեի աշխատանքները։

Միջոցառման սկզբում ելույթ ունեցավ Թբիլիսիի սակրեբուլոյի էթնիկ փոքրամասնությունների խորհրդի նախագահ Ռիտա Խիդիրբեգիշվիլին. նա շնորհավորեց ներկաներին, խոսեց օրվա կարևորության մասին:

«Ուրախ եմ, որ այսօր հիշում ենք հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ Սերգո Փարաջանովին։ Նրա օրիգինալ ստեղծագործությունները մինչ օրս հուզում են հանդիսատեսին։ Սերգո Փարաջանովի ստեղծած կախարդական, գունեղ աշխարհը հավերժ տեղ է գրավել համաշխարհային կինեմատոգրաֆիայում»,- ասաց Թբիլիսիի սակրեբուլոյի նախագահ Գիորգի Տկղեմալաձեն։

Միջոցառումը շարունակեց «Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպության ղեկավար Մարի Առաքելովան։ Նա նշեց, որ ՀԿ-ի հիմնադրման օրից գործում է նաև այդ մրցույթը, որն արդեն 10 տարեկան է։

Մարի Առաքելովան առանձնացրեց Սերգեյ Փարաջանովի դերն ու ներդրումը կինեմատոգրաֆիայում, նաև շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին, որոնք ավանդ են ունեցել մրցույթի կազմակերպման գործում։

«Մեր կազմակերպության հիմնադրման օրից մեր առաջին նախաձեռնություններից է եղել Սերգեյ Փարաջանովի անվան մրցույթը։ Փարաջանովն այն ստեղծագործողն է, որը լավագույնս ներկայացնում է Թբիլիսիի հայերի վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ, նրան է պատկանում հետևյալ խոսքը` ես ազգությամբ թբիլիսեցի եմ, ես աշխարհից վրեժխնդիր կլինեմ սիրով», — նշեց Առաքելովան իր ելույթում։

Ելույթով հանդես եկավ նաև Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը․

«Այսօր Թբիլիսիի համար յուրահատուկ օր է, 100 տարի առաջ այս օրը ծնվեց 20-րդ դարի բացառիկ կերպարներից մեկը` Սերգեյ Փարաջանովը, որին կուզեմ բնութագրել որպես մշակույթի ազգային համամարդկային արժեքներով լի անձ», — նշեց դեսպանը և շնորհակալություն հայտնեց ավանդական դարձած մրցույթի կազմակերպիչներին։

Միջոցառմանը ներկա էր նաև Երևանից ժամանած ԵՊՀ-ում գործող Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը։ Նա նվիրեց ԵՊՀ-ի ուսանողներից մեկի աշխատանքը՝ նկար, հույս հայտնելով, որ երբ բացվի Փարաջանովի անվան թանգարանը, նկարը ցուցադրվի այնտեղ։

Միջոցառման վայրից «Ալիք Մեդիա»-ի նկարահանած ուղիղ եթերը դիտեք այստեղ