Նախկին օմբուդսմենը հանրային հարթակ է ստեղծել

Վրաստանի նախկին հանրային պաշտպան Նինո Լոմջարիան «Վրաստանի եվրոպական ուղեծիր» անվանմամբ հանրային հարթակ է ստեղծել:

Ըստ Լոմջարիայի՝ հարթակի նպատակն է հնարավորություն տալ քաղաքացիներին սեփական ակտիվության միջոցով նպաստելու Վրաստանի զարգացման հեռանկարների ձևավորմանը։

«Մեր նպատակն է ստեղծել քաղաքացիական հարթակ, որը հնարավորություն կտա տարբեր ոլորտների մասնագետների, որոնք զբաղված են սեփական աշխատանքով, բայց հետաքրքրված և մտահոգված են Վրաստանի հեռանկարով, եվրոպական ապագայով, Վրաստանի զարգացմամբ, քաղաքացիական ակտիվությամբ նպաստել Վրաստանի զարգացման հեռանկարների ձևավորմանը, սեփական գործունեությամբ նպաստել Վրաստանի եվրաինտեգրմանը»,- ասել է նախկին օմբուդսմենը:

Հարցին՝ մտադի՞ր է արդյոք համագործակցել քաղաքական գործիչների հետ, Լոմջարիան պատասխանել է՝ հարթակը քաղաքացիական է, թեև իրենք պատրաստ են իրենց տեսակետները ներկայացնել ցանկացած կուսակցության։ Լոմջարիան բացառել է նախընտրական շրջանում «Վրաստանի եվրոպական ուղեծիրը» քաղաքական կուսակցություն դարձնելու ենթադրությունը: