ՆԳՆ-ում նոր վարչություն կգործի

Վրաստանի կառավարությունը ՆԳՆ-ում հատուկ վարչություն է ստեղծում, այսօր կառավարության շենքում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է իրավապահ մարմինների համակարգման հարցերով պետական նախարար Մամուկա Մդինարաձեն։

Ըստ նրա` նոր վարչությունն ստեղծվում է ՆԳՆ-ի հետ խորհրդակցությունների արդյունքում, և դրա հիմնական գործառույթը լինելու է հանրային տարածքում ատելության խոսքի, վիրավորանքների ու ագրեսիվ հաղորդակցությունների մոնիտորինգն ու դրանց իրավական արձագանքը։ Մդինարաձեն ասել է, որ ՆԳՆ նոր վարչությունը կստեղծվի առավելագույնը մի քանի շաբաթվա ընթացքում։

«Նկատի է առնվում ցանկացած տեսակի հանրային հաղորդակցություն, որը պարունակում է ատելության խոսք, թշնամանքի հրահրում և այլ նմանատիպ գործողություններ։

Նշված վարչությունը գործելու է պրոակտիվ ռեժիմով, և արձագանքումը կախված չի լինի միայն քաղաքացու բողոքից։ Գերատեսչությունն ինքնուրույն կիրականացնի մոնիտորինգ, համապատասխան իրավական գնահատում, և անհրաժեշտության դեպքում նյութերն ինքը կուղարկի դատարան։

Նմանատիպ պրակտիկա գործում է մի շարք երկրներում. որպես օրինակ կարող ենք բերել Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և այլն, որտեղ պետական ինստիտուտներն ակտիվորեն պաշտպանում են հանրային տարածքն ատելության խոսքից և ագրեսիվ արշավներից։

Որպեսզի շահարկումների տեղիք չմնա, ընդգծում եմ, որ այս որոշման նպատակը որևէ ձևով կարծիքի և արտահայտվելու ազատության սահմանափակումը չէ։ Ժողովրդավարական պետության հիմքը հենց ազատ քննարկումն ու կարծիքների բազմազանությունն է, սակայն, միաժամանակ, իր հերթին դա չպետք է դառնա բռնի, վիրավորական և հանրային դիմակայությունը խրախուսող հաղորդակցությունն արդարացնելու հիմք։ Ժողովրդավարական պետությանն անհրաժեշտ են կարծիքների տարբերությունն ու քննադատական քննարկումը, սակայն զուգահեռաբար գոյություն ունեն նվազագույն չափանիշներ, որոնց շուրջ հասարակությունը պետք է համաձայնության գա, այդ թվում՝ միմյանց հանդեպ հարգանքը և այնպիսի հաղորդակցության անընդունելիությունը, որը բորբոքում է թշնամանք, ատելություն, հանրային լարվածություն ու ծայրահեղ բևեռացում»,- հայտարարել է Մդինարաձեն։