«Քայլ արա՛ դեպի Եվրոպա»․ նոր քարոզարշավ

Վրաստանի հասարակական կազմակերպությունները լրատվամիջոցների հետ սկսում են նոր քարոզարշավ՝ «Քայլ արա դեպի Եվրոպա»։

Արշավի շնորհանդեսին կազմակերպությունները համատեղ մանիֆեստ են ընթերցել՝ ընդգծելով վրաց ժողովրդի եվրաինտեգրման ձգտումները:

«Մեր հայրենիքի համար պատմական փուլ է սկսում: Մի քանի շաբաթից կորոշվի, թե ինչ է սպասվում մեզ և մեր երեխաներին: Այսօր ժամանակն է, երբ մենք՝ այս երկրի ներկա բոլոր սերունդները, անկախ նրանից, թե որքան հիասթափված և հոգնած լինենք, պետք է որոշենք՝ արդյոք ցանկանում ենք, որ Վրաստանը, նրա ժողովուրդը, նրա հին մշակույթը և զարգացման նրա անխոնջ ձգտումը նոր թափ ստանան՝ շարունակելով ընտրած ուղին:

Մեր նախկին սերունդներ կատարել են այս ընտրությունը՝ մեզ թողնելով պետությունը պաշտպանելու, զարգացնելու հանձնառությունը»,- ասել են մասնակիցները։

Ըստ նրանց՝ արժանապատվությունն ու ազատությունը վրացիների կենսակերպն են, և վրաց ժողովուրդն է ընտրում Վրաստանի եվրոպական ապագան։

Կազմակերպությունների ներկայացուցիչների խոսքով, այսօր վրաց ժողովուրդը հստակ ընտրում է եվրոպական ուղին, քանի որ Վրաստանը ազատ մարդկանց ազատ երկիր է․  ընտրություն չկա «պետության և հայրենիքի», «ազատության և անվտանգության միջև»:

«Այսօր վրաց ժողովուրդը միանշանակ և հստակ ընտրում է եվրոպական ուղին, որպեսզի երաշխավորի, որ խոսքի ազատությունն անձեռնմխելի է և պաշտպանված, ոչ ոք չի հետապնդվում կարծիք արտահայտելու համար, իսկ գրաքննությունը կամ լրատվամիջոցների վրա ճնշումը չի պատժվում օրենքով։ Այսօր վրաց ժողովուրդը միանշանակ և հստակ ընտրում է եվրոպական ճանապարհը… »,- ասված է մանիֆեստում, որն ընթերցել են քարոզարշավի շնորհանդեսին մասնակցող կողմերը:

Նշենք, որ հունիսի առաջին կեսին Եվրահանձնաժողովը կարծիք կներկայացնի Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ, որի հիման վրա ավելի ուշ որոշում կկայացվի Եվրոպական խորհրդի կողմից։

Կարդացեք նաև՝

Երիտասարդները՝ ի պաշտպանություն եվրաինտեգրման