Restart Gyumri ՀԿ-ն ցավակցում է Շովիում կատարված աղետի կապակցությամբ

Restart Gyumri — Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը (ՀԿ) Վրաստանի Ռաճայի մարզի Օնիի մունիցիպալիտետի Շովի հանգստավայրում տեղի ունեցած տարերային աղետի կապակցությամբ հայտարարություն է տարածել:

«Մեր բոլոր մտքերը բարեկամ Վրաստանի ժողովրդի հետ են այս ծանր օրերին։ Մեր խոր ցավակցությունն ենք հայտնում Շովիում տեղի ունեցած աղետալի սողանքից տուժածների ընտանիքներին և հարազատներին»,- նշված է ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Շովի հանգստավայրում տեղի ունեցած տարերային աղետի զոհերի թիվը ժամը 13:00-ի դրությամբ հասել է 19-ի։ Զոհվածներից 14-ի ինքնությունը հայտնի է։ Վրաստանում օգոստոսի 7-ը սգո օր էր հայտարարվել:

Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին, ժամը 16:00-ի սահմաններում տեղեկություն տարածվեց, որ Շովի հանգստավայրում սողանքային փլուզումներ են տեղի ունեցել: Փրկարարական աշխատանքները սկսվել են ծանուցումից մոտ 3 ժամ անց։