Նոր ծրագիր՝ շինարարության ոլորտի համար

Այսօր՝ փետրվարի 14-ին կառավարության նիստից հետո Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ գործադիրը 500 միլիոն դոլար արժողությամբ նոր ծրագիր է սկսելու շինարարության ոլորտը խրախուսելու համար։

Ինչպես Ղարկբաշվիլին է հայտարարել, այս ծրագրի շրջանակներում կառավարությունը միաժամանակ կլինի նոր անշարժ գույքի շինարարության պատվիրատուն և միևնույն ժամանակ վարկերի երաշխավորը։

Ղարիբաշվիլիի խոսքով՝ այս կերպ կառավարությունը կարճ ժամանակահատվածում 4-5 տարվա գործը կանի մեկ տարում։

«Մեր նպատակն է խրախուսել հասարակական և կոմունալ շինարարությունը և բարձրացնել մրցակցությունը ոլորտում։ Ուստի մենք շինարարական ընկերություններին առաջարկում ենք, որ մեր երաշխիքով լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ ներգրավեն բանկերից, մեզանից երաշխավորված պատվեր կունենան, մենք 3-5 տարվա ընթացքում այդ գումարը կվճարենք»,- ասել է Ղարիբաշվիլին։

Ըստ Ղարիբաշվիլիի՝ դա երկրին լրացուցիչ տնտեսական աճ կբերի՝ 1-ից 2 տոկոսի չափով։