Օքրուաշվիլիին արգելվել է հեռախոսազրույցներ ունենալ

Վրաստանի դատախազության տեղեկատվությամբ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Իրակլի Օքրուաշվիլիին արգելվել է հեռախոսազանգեր իրականացնել, որպեսզի վկաների վրա ազդեցություն չգործի:

«Օքրուաշվիլիին արգելվում է որևէ հեռախոսային հաղորդակցություն, որպեսզի վկաների վրա ազդեցություն չգործի: Այս պահին վկաները դատարանում դեռևս հարցաքննված չեն»,- հայտարարել են դատախազությունից:

Խմբակային բռնություն կազմակերպելու մեղադրանքով ձերբակալված Օքրուաշվիլին հոկտեմբերի 16-ին գրել էր, թե շաբաթական մեկ անգամ չեն թողնում զանգահարել իր երեխաներին:

«Այն, որ Իվանիշվիլին վախկոտ է, հասկանալի է: Սա պարզվեց նաև նրանով, որ գրավի դիմաց ազատ չարձակեցին ինձ, բայց չգիտեի որ այսքան ցածր է: Արգելում է շաբաթական մեկ անգամ (ինչի իրավունքը ունեմ) երեխաներիս զանգել »,- գրել է պաշտպանության նախկին նախարարը:

Հիշեցնենք, որ Օքրուաշվիլիին ձերբակալել են խմբակային բռնություն կազմակերպելու մեղադրանքով: Գործը վերաբերում է հունիսի 20-ին Թբիլիսիում տեղի ունեցած ցույցերին: