«Վարկեթիլի» մետրոկայարանի վերանորոգման ավարտի ժամկետը կրկին հետաձգվել է

Մետրոյի «Վարկեթիլի» կայարանի վերանորոգման ավարտի ժամկետը կրկին հետաձգվել է, այս անգամ՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը․ սա նախատեսված է Թբիլիսիի տրանսպորտային ընկերության և կապալառու «Բադա Քոնսթրաքշն»-ի միջև կնքված պայմանագրով։

Փոփոխություններ են կատարվել բուն վերանորոգման տեխնիկական աշխատանքներում․ ուղևորների սպասասրահի և թեք թունելի առաստաղի երեսպատման համար ի սկզբանե նախատեսված ակվապանելի փոխարեն որոշվել է օգտագործել ալյումինե թիթեղներ։

Փոխվել են նաև հատակի երեսպատման նյութերը․ կերամոգրանիտ փռելու փոխարեն կպահպանվի առկա բնական գրանիտը, որը կհղկեն ու կփայլեցնեն, իսկ ուղեգծային պատի վրա կերամոգրանիտի փոխարեն տեղադրվելու են գրանիտե սալիկներ։

Փոփոխությունների արդյունքում պայմանագրի ընդհանուր արժեքը սահմանվել է 13 մլն 240 հազար 611 լարի, ինչը նախորդ գնի համեմատ 140 հազար լարիով պակաս է։ Այս փուլում Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը կապալառուին արդեն վճարել է 9 մլն 380 հազար 792 լարի, ինչը պայմանագրի արժեքի մոտ 71%-ն է։

«Վարկեթիլի» մետրոկայարանի վերանորոգումը սկսվել է 2022 թվականի դեկտեմբերի 21-ին։ Ծրագրի նախնական ժամկետը 18 ամիս էր, և աշխատանքը պետք է ավարտվեր մինչև 2024 թվականի հունիսի 21-ը, սակայն վերանորոգման ավարտի ժամկետը բազմիցս հետաձգվել է։