Օկուպացված գոտու գործընթացները կառավարության վերահսկողությունից դուրս են. ԱԳ նախարար

Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլիի խոսքով, ցանկացած գործողություն, որը տեղի է ունենում օկուպացված գոտում, Վրաստանի կառավարության վերահսկողությունից դուրս է, և կառավարությունը դրանց վրա ազդեցության ոչ մի լծակ չունի։

Դարչիաշվիլին այսպես է արձագանքել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հայտարարությանը, ըստ որի Կոլոմինան ասել է՝ եթե Օչամչիրեում (Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի Օչամչիրե քաղաքում- խմբ.) Ռուսաստանի ստեղծելիք ռազմաբազայից հարձակվեն ՆԱՏՕ-ի վրա, ապա դաշինքը կգործի։

«Մենք բազմիցս ասել ենք, որ, ցավոք, Վրաստանը օկուպացված երկիր է, իսկ այն, ինչ տեղի է ունենում օկուպացված սահմանից անդին, պատասխանատվություն է կրում այն ​​ուժը, որն արդյունավետ վերահսկողություն է իրականացնում այդ տարածքում։ Հետևաբար, ցանկացած գործողություն, որը տեղի է ունենում օկուպացված տարածքում, մեր վերահսկողությունից դուրս է, և մենք, ցավոք, այդտեղ որևէ լծակ չունենք»,- ասել է Դարչիաշվիլին և հավելել, որ կառավարության հիմնական լծակն այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքն է միջազգային գործընկերների, ընկերների հետ, ամուր աջակցության ձեռքբերումը միջազգային գործընկերների և միջազգային հանրության շրջանում։

Ի դեպ, Վրաստանի «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում Կոլոմինան ասել է՝ եթե ՆԱՏՕ-ն հարձակվի Օչամչիրեում Ռուսաստանի ստեղծելիք ռազմաբազայից, ապա դաշինքը կգործի։ Նրա խոսքով, սևծովյան տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի ՆԱՏՕ-ի համար և դաշինքի ռազմական ծրագրերի բաղկացուցիչ մասն է։

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան հոկտեմբերի 5-ին հայտարարել է, որ Օչամչիրե քաղաքում ​​ռուսական ռազմածովային մշտական բազա կստեղծվի:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) մտահոգություն է հայտնել Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի Օչամչիրե քաղաքում ռուսական ռազմածովային նավատորմի բազան տեղակայելու հեռանկարի առնչությամբ։ ԱԳՆ-ն նշել է՝ նմանատիպ գործողությունները «հերթական սադրիչ փորձն են՝ ուղղված Աբխազիայի և Ցխինվալիի շրջանների անօրինական օկուպացիայի օրինականացմանը»։

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը բանաձև է ընդունել, որով, ի թիվս այլ խնդիրների, դատապարտել է Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի և Հարավային Օսիայի/Ցխինվալիի շրջանի օկուպացիան և օկուպացված Օչամչիրե քաղաքում ռազմածովային բազա կառուցելու Մոսկվայի ցանկությունը։ Բանաձևի անվանումն է՝ «Սևծովյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդում՝  Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ ռազմական ներխուժումից հետո»։

Վրաստանի քաղհասարակությունը և վերլուծաբանները Մոսկվայի այդ քայլը քննադատել են: Ըստ նրանց՝ ռուսական սևծովյան նավատորմը և դրա ենթակառուցվածքը ուկրաինացիների հարվածների պատճառով լքում են Ղրիմն ու տեղափոխվում Վրաստան, և նրանք կտեղակայվեն Վրաստանից չվերահսկվող Գուդաութայում, Սոխումիում և Օչամչիրեում: