Նախագահն այս տարի ևս չի մասնակցում դեսպանների համաժողովին

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այս տարի ևս չի մասնակցում Թբիլիսիում ընթացող դեսպանների համաժողովին։

«Դեսպանների համաժողով 2023, Վրաստանը՝ ԵՄ թեկնածու երկիր» խորագրով համաժողովի բացումը կայացել է այսօր՝ դեկտեմբերի 26-ին: Բացմանը ելույթ են ունեցել արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Դեսպանների համաժողովին մասնակցում են նաև կառավարության անդամներ, խորհրդարանի և պատրիարքարանի ներկայացուցիչներ։ Սակայն, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս նախագահը չի մասնակցում:

Անցած տարի նախագահի վարչակազմից պարզաբանեցին. «Նախագահը չի մասնակցել այսօր նշանակված դեսպանների համաժողովին, քանի որ նախագահին չի տրվել ըստ արձանագրության իրեն նախատեսված տեղը, ինչը արարողակարգի խախտում է»:

Այս տարի ոչ նախագահի վարչակազմը, ոչ էլ արտաքին գործերի նախարարությունը չեն հիմնավորել նախագահի բացակայության պատճառը։

Ի դեպ, արտաքին գործերի նախարարության կազմակերպմամբ, դեկտեմբերի 26-28-ն անցկացվում է արտերկրում Վրաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների և հյուպատոսական ծառայությունների ղեկավարների տարեկան հանդիպումը: 2023 թվականի դեսպանների համաժողովի հիմնական առանցքը կլինի Եվրամիության որոշումը Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։