Օմբուդսմենը բացասաբար է գնահատում գենդերային քվոտավորման վերացումը

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին բացասաբար է գնահատում Վրաստանի խորհրդարանում քննարկվելիք օրինագիծը, որի նպատակը գենդերային քվոտաների վերացումն է։

Ըստ օմբուդսմենի՝ նախատեսվող օրենսդրական փոփոխություններն անտեսում են կանանց երկարամյա պայքարի արդյունքները և վատթարացնում հավասարության հասնելու գործող մեխանիզմները։

«Նշված փոփոխությունները հատկապես ուշագրավ են այն առումով, որ 2022 թվականին Վրաստանի խորհրդարանը կողմ է արտահայտվել գենդերային քվոտավորման երկարաձգմանը մինչև 2032 թվականը և դրանով իսկ հստակ կարևորել կանանց քաղաքական մասնակցության և անհրաժեշտ քայլերի իրականացումը։

Գենդերային քվոտայի մեխանիզմը կանանց տրվող արտոնություն չէ, այլ կարևոր գործիք՝ կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքը վերացնելու, կարծրատիպերի դեմ պայքարելու և միջազգայնորեն ընդունված պարտավորությունները կատարելու համար»,-ասված է օմբուդսմենի հայտարարության մեջ։

Ի դեպ, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը երեկ՝ ապրիլի 1-ին հայտարարել է, որ կաջակցի «Գիրչի» կուսակցության նախաձեռնությանը, որը նախատեսում է կուսակցությունների ընտրական ցուցակներում գենդերային քվոտաների վերացում։ Քանի որ հիմնականում մեծամասնությունը միշտ տղամարդիկ են լինում, գենդերային քվոտաների մասին գործող օրենքի համաձայն՝ կուսակցության ցուցակի առնվազն յուրաքանչյուր 4-րդ թեկնածուն պետք է այլ սեռի ներկայացուցիչ լինի։

Խորհրդարանն արագացված կարգով քննարկում է օրենսդրական փոփոխությունները, և ինչպես հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին` այս շաբաթ կչեղարկվի գենդերային քվոտավորման կանոնը։