Օմբուդսմենը նախագահին կոչ է անում ներում շնորհել Գվարամիային

Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան դիմել է Վրաստանի նախագահին՝ ներում շնորհելու անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչ, «Մթավարի արխի» հեռուստաընկերության տնօրեն Նիկա Գվարամիային։

«Վրաստանի հանրային պաշտպանն ուսումնասիրել է Թբիլիսիի քաղաքային դատարանի 2022 թվականի մայիսի 16-ի դատավճիռը, որով Նիկա Գվարամիան մեղավոր է ճանաչվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 220-րդ հոդվածի երկրորդ կետով։ Դատավճռի քննության արդյունքում հանրային պաշտպանը գտնում է, որ դատարանի պատճառաբանությունն անհիմն է թե՛ դատապարտման, թե՛ պատժաչափի առումով», — նշել է Լոմջարիան։

Վրաստանի հանրային պաշտպանի մասին օրենքի 21-րդ հոդվածի «թ» կետի համաձայն՝ Օմբուդսմենը դիմում է Վրաստանի նախագահին՝ ներման իր լիազորություններն իրականացնելու համար։

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի կայացրած որոշմամբ` ընդդիմադիր «Մթավարի արխիի» հիմնադիր, գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան դատապարտվեց 3 տարի 6 ամիս ազատազրկման:

Գվարամիան մեղավոր է ճանաչվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 220-րդ հոդվածով, ինչը ենթադրում է լիազորությունների չարաշահում։

Կարդացեք նաև՝

Քաղաքական հաշվեհարդար է․ փորձագետը մեկնաբանում է ընդդիմադիր մեդիայի հիմնադրի ազատազրկումը