Օտարերկրյա ներդրումների ծավալն աճել է

2023 թվականի 2-րդ եռամսյակում Վրաստանում կատարված օտարերկրյա ուղղակի  ներդրումների (ՕՈՒՆ) ծավալը կազմել է 505,7 մլն դոլար` ըստ Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած նախնական տվյալների:

Ծառայության տվյալներով՝ այս ցուցանիշը 29,9 տոկոսով գերազանցում է 2022 թվականի 2-րդ եռամսյակի ճշգրտված տվյալները։ 2023 թվականի 2-րդ եռամսյակում բաժնետիրական կապիտալը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ նվազել է 23,3 տոկոսով և դարձել 72,9 մլն դոլար, ինչը կազմում է ընդհանուր ՕՈՒՆ-ի 14,4 տոկոսը։ Վերաներդրումը կազմել է 422,5 մլն դոլար, իսկ դրա մասնաբաժինը որոշվել է 83,5 տոկոս։

«Առաջին տեղում Միացյալ Թագավորությունն է՝ 168,3 մլն դոլարով, որը կազմում է ընդհանուր ՕՈՒՆ-ի 33,3 տոկոսը, երկրորդ տեղում Թուրքիան է՝ 71 մլն դոլար (14 տոկոս), երրորդում՝ Նիդեռլանդները՝ 62,7 մլն դոլար (12,4 տոկոս)։ Հինգ խոշոր ներդրող երկրների մասնաբաժինը կազմում է ներդրումների ընդհանուր ծավալի 78 տոկոսը»,- նշված է տվյալների մեջ: