12 առաջնահերթություններից 9-ը չեն կատարվել. Բորել

Այս փուլում բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն քաղաքական լարվածության թուլացմանը, այս քաղաքական և պատմական հնարավորությունը չպետք է կորցնել, և մենք պետք է միասին աշխատենք դրա համար, քանի որ եվրոպական ճանապարհի հետագա քայլերը կախված կլինեն արժանիքներից, ասել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Նրա խոսքով, ինքը երեք ուղերձ է բերել Վրաստանին, որոնցից մեկը վերաբերում է առաջարկությունների կատարման գործընթացում իշխանության և ընդդիմության համատեղ աշխատանքի անհրաժեշտությանը։

Ըստ Բորելի՝ Վրաստանն անկասկած պատկանում է եվրոպական ընտանիքին: Նրա խոսքով, ինքը ցանկանում էր գալ Վրաստան և անձամբ այդ ուղերձը փոխանցել վրաց ժողովրդին։

«Երբ ես եկա երկիր, տեսա վրաց ժողովրդի ուժեղ ոգին. 80 տոկոսն աջակցում է Եվրամիությանն անդամակցելուն, սա տպավորիչ թիվ է: Ես շատ ուրախ եմ, որ Վրաստանի և Թբիլիսիի փողոցներում շատ եվրոպական դրոշներ են ծածանվում, ասեմ, որ դրանք նույնիսկ ավելին են, քան Բրյուսելում է։

Վերջին ամիսներին մենք լսում ենք իշխանությանը, ընդդիմությանը, քաղաքացիական սեկտորին, բոլորին, և բոլոր քաղաքական ուժերը պետք է համախմբվեն ու կառուցողական աշխատեն այս գործընթացում։ Ես դրա մասին խոսել եմ խորհրդարանի անդամների հետ. պետք է լինի ներառական մեծամասնություն, փոքրամասնությունը համագործակցության ոգի ունենա, սա համատեղ աշխատանք է»,- նշել է Բորելը:

Բորելի համոզմամբ՝ Վրաստանին տրված առաջադրանքները լավ և հստակ շարադրված են 12 առաջնահերթությունների ձևով. «Մենք արդեն մեր եզրակացության մեջ նշել ենք, որ հունիսից դուք կատարել եք դրանցից 3-ը, իսկ մնացած 9-ը պետք է կատարվեն»:

Ըստ նրա՝ առաջին հերթին պետք է իրականացվի ապաբևեռացում, ապաօլիգարխացում, քաղաքական, տնտեսական և սոցիալական, ինչպես նաև դատական ​​համակարգի բարեփոխում, ընտրական համակարգի բարեփոխում, լրատվամիջոցների բազմակարծություն և մարդու իրավունքների պահպանում։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո Բորելը ցավակցել է Գուրիայում տեղի ունեցած տարերային աղետի հետևանքների կապակցությամբ։