Պահանջում են դեկտեմբերի 6-ը սգո օր հայտարարել

Վրաստանում գործող «Սիրցխվիլիա» («Ամոթ է») շարժումը պահանջում է դեկտեմբերի 6-ը հայտարարել սգո օր. շարժումն այս պահանջով հայտարարություն է հրապարակել ֆեյսբուքյան էջում:

Ըստ տարածված հայտարարության, երբ այս երկրի (Վրաստանի- խմբ.) երեխաները հերոսաբար զոհվում են թշնամու դեմ կռվում, բնական պահանջ է սգո օր հայտարարելը։

«Իջեցված դրոշներով գոնե խորհրդանշական կերպով պետք է ցույց տանք, որ մենք դեռ ազգ ենք, որ գոնե մի քիչ խիղճ ունենք։ Որ մենք կյանքը շարունակում ենք ոչ թե անտեսելով կորուստը, այլ նկատելով, գնահատելով և ապագայի հանդեպ հույսով։

Ինչպիսի՞ն է կյանքը կոլաբորացիոնիզմի և ամոթի քաղաքում` «խաղաղության քաղաք» փաթեթավորմամբ:

Փա՛ռք հերոսներին»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Ուկրաինայում Ռուսաստանի դեմ ընթացող պատերազմում 5 վրացի մարտիկ է զոհվել։ Պատերազմի մեկնարկից ի վեր` 323 վրացի մարտիկ է զոհվել։