Պապուաշվիլին հանդիպել է Չինաստանի ԿԿ քաղբյուրոյի մշտական կոմիտեի անդամին

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Չինաստանի կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի մշտական կոմիտեի անդամ, Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի (CPPCC) նախագահ Վանգ Հիունինգին։

Հանդիպմանը գնահատվել է վերջին տարիներին Վրաստան-Չինաստան հարաբերություններում ձեռք բերված զգալի առաջընթացը.

«Ընդգծեցինք 2023 թվականին Վրաստանի վարչապետի կատարած այցը Չինաստան, որի շրջանակներում համատեղ հայտարարություն արվեց ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին։

Նշեցի, որ Վրաստանն ու Չինաստանը հավատարիմ են ազգային ինքնիշխանության, խաղաղության և անվտանգության պաշտպանության սկզբունքներին, նաև վճռականորեն աջակցում են միջազգային իրավունքի սկզբունքներին, միջազգային կարգի ամրապնդմանը և միջազգային հարաբերություններում իրավահավասարության ու փոխադարձ հարգանքի պահպանմանը։

Չինական կողմը վերահաստատեց իր հաստատուն աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Երկու երկրների միջև հարաբերությունների խորացման պատրաստակամություն հայտնեցինք։ Նշեցինք, որ Վրաստանի և Չինաստանի միջև համագործակցությունը բոլոր ուղղություններով մեծ ներուժ ունի։

Ուշադրություն հրավիրեցինք խորհրդարանական կապերի զարգացմանը, նաև առևտրատնտեսական, զբոսաշրջության, կրթության, նորարարությունների և մշակույթի ոլորտներում համագործակցությանը։

Նշեցի, որ մեր երկրների միջև ազատ առևտուրը համագործակցության խորացմանը նպաստող կարևոր գործոն է։

Ընդգծեցինք այսօրվա փոթորկալի աշխարհում կապակցվածության, տրանսպորտի և լոգիստիկայի հարցերում համագործակցության կարևորությունը։ Նշեցինք Վրաստանի մասնակցությունը չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը, նաև Միջին միջանցքի ներուժն ավելի լավ իրացնելու անհրաժեշտությունը», — X-ի իր էջում գրել է Շալվա Պապուաշվիլին: