Պարապլաներային սպորտին առնչվող անվտանգության չափանիշները կխստացվեն

Վրաստանի կառավարության նիստում հավանության է արժանացել նախագիծը, որը սահմանում է պարապլաներային սպորտին առնչվող խնդիրներն ու անվտանգության չափանիշները։

Ներկայացված նախագծով հաստատվում է պարապլաների արտադրության, շահագործման, անվտանգության և սույն կանոնով նախատեսված գործունեության համար սահմանված տուրքերի չափը որոշելու և վճարելու ժամանակավոր կարգը:

«Կառավարության նիստում նշվեց, որ այս ոլորտը անվտանգության տեսակետից կապված է էական ռիսկերի հետ և մինչև համապատասխան օրենսդրական ակտի ընդունումը ժամանակավոր կարգի հիման վրա պարապլաներային թռիչքների իրավական կարգավորման անհրաժեշտություն կա»,- նշված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ։

Ըստ նույն տվյալների՝ նախագիծը սահմանում է գործընթացում ներգրավված անձանց իրավունքներն ու պարտականությունները, թռիչքի վայրի համապատասխանությունը որոշելու պահանջը և համապատասխան կարգը, օպերատորի հավաստագրման հարցը, օդաչուին ներկայացվող պահանջները, օդաչուների կատեգորիաները/ենթակարգերը, դրանց նշանակման/ճանաչման և թեստավորման կարգը, պարապլանի և դրա տարրերի պիտանիությունը որոշելու պահանջը և այլն: