«Վրացական երազանք»-ի պատգամավոր Վասիլ Չիգոգիձեն կանխիկ պահում է 300 հազար դոլար, որը կազմում է ավելի քան 800 հազար լարի։ Դրա մասին նա նշել է մարտի 31-ին ներկայացված հայտարարագրում, որը հրապարակվել է մի քանի օր առաջ։
Միլիոնատեր պատգամավորն ունի ավելի քան 10 բնակարան Թբիլիսիում, Բաթումիում, Չաքվիում և Բակուրիանիում։ Նրա անունով գրանցված են մի քանի հողամասեր և երկու մեքենա։ Նա նաև ունի 2012, 2019 և 2021 թվականներին գնված արժեթղթեր։
Վասիլ Չիգոգիձեի հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականին նրա եկամտի միակ աղբյուրը եղել է խորհրդարանից ստացած աշխատավարձը, որը կազմում է 112 հազար լարի։
Հայտարարագրի ներկայացման պահին իր բանկային հաշվին նա ուներ մինչև 40 հազար լարի և մինչև 14 հազար դոլար։
«Վրացական երազանք»-ը խորհրդարանում ունի մի շարք միլիոնատեր պատգամավորներ, և ոչ միայն նրանք, այլև որոշ նախարարներ ու ընդդիմադիրներ նախընտրում են իրենց գումարը պահել «կանխիկ» ձևով։