Իշխանությունները պետք է հստակ ասեն, որ Վրաստանի տեղը «3+3» ձևաչափի մեջ չէ. կարծիքներ

Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմից մեկ տարի անց՝ Ռուսաստանը դեռևս փորձ է անում Վրաստանին ներքաշել «3+3» տարածաշրջանային համագործակցության ձևաչափի մեջ: Մոսկվայից պարբերաբար հնչում են տարատեսակ առաջարկություններ և մեկնաբանություններ: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «3+3» տարածաշրջանային համագործակցության ձևաչափի դուռը բաց է Վրաստանի առջև:

Անդրադառնալով Լավրովի հայտարարությանն ու «3+3» ձևաչափին Վրաստանի ներգրավման խնդրին` վրացի վերլուծաբան Զուրա Բատիաշվիլին «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ Ռուսաստանը փորձում է ամեն կերպ Վրաստանին հեռացնել Արևմուտքից և միացնել այնպիսի ձևաչափերի, որտեղ առաջնորդը Ռուսաստանն է, և դրանով Ռուսաստանի առաջնորդությունն ապահովագրված կլինի:

«Հենց այստեղ Ռուսաստանի համար կարևոր է «3+3» ձևաչափը: Այս ձևաչափի երկու պետությունները՝ Ռուսաստանը և Իրանը, պատժամիջոցների են ենթարկված, և այս պետությունների հետ տնտեսական հարաբերություններ չեն թույլատրվում: Իսկ մյուս երեք պետությունների՝ Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի հետ, Վրաստանը` այսպես, թե այնպես, լավ հարաբերությունների մեջ է: Հետևաբար, այս երեք պետությունների հետ հարաբերությունների համար հավելյալ այլ ձևաչափի անհրաժեշտություն չկա»,- ասում է Բատիաշվիլին:

Խոսելով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի առաջարկած «Թբիլիսյան հարթակի» մասին, վերլուծաբանը նշում է՝ սա «3+3»-ին այլընտրանք չէ, քանի որ կովկասյան երեք պետությունները (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան- խմբ.) պետք է համագործակցեն: Ըստ նրա՝ համագործակցության այլընտրանքը պատերազմն է, և եթե ցանկանում են խաղաղություն, կոնֆլիկտային իրավիճակներից խուսափելու համար պետք է երկրները համագործակցեն միմյանց հետ:

Բատիաշվիլին ողջունում է եռակողմ համագործակցության այս ձևաչափը: Նրա խոսքով, որպեսզի Մոսկվան դադարի Վրաստանին «3+3» ձևաչափ ներքաշելու գործընթացից ու հայտարարություններից, Վրաստանի իշխանությունները պետք է հստակ ասեն՝ Վրաստանի տեղը այդ ձևաչափի մեջ չէ:

«Վրաստանի տեղը այդ ձևաչափի մեջ չէ, քանի որ Ռուսաստանը օկուպանտ երկիր է, որն օկուպացրել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը, և եթե Ռուսաստանը պատրաստ է վերջ տալ օկուպացիային ու զորքերը դուրս բերել այս տարածքներից, հետո  գուցեև Վրաստանը պատրաստ լինի որևէ տեսակի համագործակցության»,- եզրափակում է վերլուծաբանը:

Վրաստանի ռազմավարական վերլուծական կենտրոնի փորձագետ Գելա Վասաձեն պնդում է՝ «3+3» ձևաչափ կոչվածն այլևս գոյություն չունի:

«Այս ձևաչափի մասին, բացի Լավրովից, ուրիշ ոչ մի երկրում (նկատի ունի այս ձևաչափին մասնակցող- խմբ.) չեն խոսում. ոչ Թուրքիայում, ոչ Իրանում, ոչ Հայաստանում, ոչ էլ Ադրբեջանում»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է Վասաձեն:

Նշենք, որ 2020 թվականին` ղարաբաղյան պատերազմից հետո, ձևավորվեց տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափի գաղափարը, որը համարվում է հակաարևմտյան կոալիցիա ստեղծելու փորձ. սկզբնավորվելով 2021 թվականին՝ «3+3»-ի փոխարեն «3+2» ձևաչափով (Վրաստանը չմասնակցեց հանդիպմանը) շարունակում է մնալ Մոսկվայի ուշադրության կենտրոնում։

2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայում Ռուսաստանի սկսած լայնածավալ պատերազմը, անվտանգության համակարգի փլուզումը փոխեցին ոչ միայն տարածաշրջանային համատեքստը, այլև համաշխարհային օրակարգը։ Միաժամանակ, Հարավային Կովկասով անցնող միջանցքը Եվրոպայի համար շատ արժեքավոր է դարձել, վերջինս փորձում է ազատվել ռուսաստանյան կախվածությունից։